ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Կոլեգիայի անդամներին ներկայացնելով ծրագիրը, աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը նշեց, որ առաջին հերթին խնդիր է դրվել լուծել առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրները։ Դրանք են՝ առողջապահության ոլորտում պետական վերահսկողության մեխանիզմների և կառուցվածքների անկատարությունը, դեղերի գրանցման մեխանիզմների բարդության ու վերագրանցման մեխանիզմների բացակայության պատճառով դեղերի ֆիզիկական մատչելիությանն առնչող խնդիրները, դեղերի շրջանառության բոլոր փուլերում անվտանգության և որակի ապահովման մեխանիզմների անկատարությունը։ Փաստվեց, որ օրենսդրական դաշտի անկատարության արդյունքում 2000 թվականից հետո նախարարությունը դեղերի ոլորտում տեսչական վերահսկողության գործառույթներ չի իրականացրել, ինչի արդյունքում մարդկանց առողջության ու կյանքի համար կարևոր այս ոլորտը դուրս է մնացել պատշաճ վերահսկողությունից։ Ոլորտում պետական վերահսկողություն իրականացնլու նպատակով ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բազայի վրա ստեղծվում է առողջապահական տեսչություն՝ նույն հաստիքներով։ Տեսչությունը հանրապետության ողջ տարածքում կապահովի դեղերի, բժշկական օգնության և սպասարկման որակի ու անվտանգության, առողջապահական գովազդի, բուժօգնության պետական պատվերի ծավալների, ֆինանսավորման և նպատակային ծրագրերի կատարման արդյունավետության, դեղերի գների նկատմամբ վերահսկողության, մշտադիտարկման և վերլուծության իրականացումը:
Իսկ մինչ այդ դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողություն կիրականացնի ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը»։ Ի դեպ, նախատեսվում է նաև այս կենտրոնի հզորացում։
Նշվեց, որ մինչև նոյեմբերի 30-ը կմշակվեն և ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն բուժման սխեմաներ այն հիվանդությունների համար, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:
Դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելության ապահովման նպատակով կդյուրացվի դեղերի պետական գրանցման կարգը, կներդրվի դրանց վերագրանցման պարզեցված մեխանիզմ։
Այս ենթատեքստում կարևորվեց նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 50% և ավելի պետական մասնակցությամբ առևտրային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրերում նախատեսվող այն դրույթները, որոնք հնարավորություն կնձեռեն վերահսկողություն սահմանել ինչպես գնման գործընթացների կազմակերպման, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման որակի նկատմամբ։ Ավելին՝ 2013-ի պայմանագրում կամրագրվի տվյալ բուժհաստատությունում բուժաշխատողների նվազագույն աշխատավարձ։
Նշվեց նաև, որ նախարարությունը լուրջ աշխատանքներ կտանի պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ։





