Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովը, որին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչներ, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի և Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ և Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչներ: Յոթանասուն մասնակիցներ երեք օրերի ընթացքում կքննարկեն եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող զանազան խնդիրներ:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Թեմական ներկայացուցչական ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը` անդրադառնալով ժողովի կարևորությանն ու նպատակներին: «Իրողություն է, որ եկեղեցական և ազգային մեր կյանքն այսօր ի սփյուռս աշխարհի դարձել է առավել փոխշաղկապված, քան տասը կամ նույնիսկ հինգ տարի առաջ էր: Ազատ և անկախ մեր պետականության պայմաններում շարունակ զորանում են Հայրենիք և Սփյուռք կապերը, արդյունավորվում համատեղ ծրագրերն ու միջոցառումները, ինչը նաև ենթադրում է, որ առավել դյուրին պիտի լինեն մեզ հուզող հարցերի և մեր առջև կանգնած հրամայականների կարգավորումները», – ասաց Վեհափառ Հայրապետը:
Անդրադառնալով եկեղեցական կյանքում նշմարելի բարեփոխումներին ու դրական տեղաշարժերին` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հարկ է բարեպատեհ ժամանակը ծառայեցնել իր նպատակին:
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրատապ նկատեց սիրիահայությանն օգնելու հարցը: «Այսօր համայն մեր ժողովրդի հայացքը տագնապով ուղղված է դեպի Սիրիա, որտեղ պատերազմական իրավիճակի բոլոր դժվարությունները կրում է նաև հայ համայնքը: Սիրիաբնակ Մեր զավակները կարիք ունեն շտապ և մեծ օգնության ու սատարումի», – ասաց Նորին Սրբությունը` տեղեկացնելով, որ Մայր Աթոռի կողմից Դամասկոսի հայոց թեմին արդեն փոխանցվել է 200.000 ԱՄՆ դոլար և հույս հայտնելով, որ առաջիկային թեմերից ակնկալվող օժանդակությամբ Մայր Աթոռը կկարողանա ավելի մեծ գումար փոխանցել` սիրիահայության կարիքները հոգալու համար:
Ժողովի օրակարգային հարցերից է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը: Վեհափառ Հայրապետի խոսքում անդրադարձ եղավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների և աշխարհասփյուռ թեմերի անխոչընդոտ և անկաշկանդ առնչություններին, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետ գործակցային հարաբերություններին:
Վերջում արդյունավոր աշխատանք մաղթելով ժողովին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց աննվազ ջանքերով գործել` իրականացնելու անհրաժեշտ բարեկարգությունները, որպեսզի Եկեղեցին առավել արդյունավոր իրագործի տիրավանդ իր առաքելությունը և դյուրին կերպով կարողանա դիմագրավել դժվարություններին ու փորձություններին, որոնց առավել չափով ենթակա է աշխարհասփյուռ հայ ժողովուրդը:
Ժողովի բացմանը հետևեց դիվանի և հաշվիչ հանձնախմբի ընտրությունը: Քվեարկության արդյունքում ժողովի ատենապետերի պաշտոնը ստանձնեցին ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, փոխատենապետեր ընտրվեցին տիար Պատրիս Ջոլոլյանը (Ֆրանսիայի հայոց թեմ) և Ռաֆֆի Հովհաննիսյանը (ԱՄՆ Արևելյան հայոց թեմ):





