AM
1 Նոյեմբեր 2012 - 14:28 AMT

Քաղաքապետարանում «կիսում են» PanARMENIAN.Net-ի մտահոգությունը տրանսպորտի վերաբերյալ

Երեկ PanARMENIAN.Net-ը անդրադարձել էր երևանյան տրանսպորտային քաոսին, մասնավորապես մի դեպքի, երբ տուգանվեց անմեղ վարորդը: Կարծիքը տեղադրվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի էջին: Արձագանքեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը. «Կիսելով քաղաքացի Ա. Հակոբյանի մտահոգությունը, միևնույն ժամանակ հայտնում եմ, որ մեր կողմից անընդհատ ուսումնասիրվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում հասարակական տրանսպորտի աշխատանքները, ինչի արդյունքում ուղևորահոսքով ծանրաբեռնված երթուղիները աստիճանաբար փոխարինվում են ավտոբուսային երթուղիներով։ Երևանի քաղաքապետարանի կողմից այսօր ևս մեկ միկրոավտոբուսային՝ հ.123 երթուղին փոխարինվեց նույն ուղեգծով հ.53 ավտոբուսային երթուղով, որով երթևեկել եմ անձամբ ինքս։ Նման բարեփոխումները շարունակական բնույթ են կրում, որի արդյունքները ավելի նկատելի կլինեն առաջիկայում»:

Շնորհակալություն պարոն Նավասարդյանին պատասխանի համար: Կցանկանայի պարզապես ավելացնել, որ նշված ավտոբուսները երեկոյան 7-ից հետո «միստիկ» կերպով անհետանում են երթուղուց: Իսկ միկրոավտուբուսայինի մասին այլևս ոչինչ չկա ավելացնելու: Պարոն Նավասարդյան, ես պարզապես ևս մեկ անգամ խնդրում եմ առավոտյան ինձ հետ գոնե մեկ անգամ աշխատանքի գալ, կամ երեկոյան տուն գնալ: Սա թող դիտվի քայլ, որով դուք կապացուցեք, որ խնդիրը իսկապես մտահոգում է Ձեզ: