«Գիտե՞ք ինչն է ինձ ուժ տալիս: Այս մշակված հողերը, որ անտերության չեն թողնված… փափուկ, բերրի հողեր են», – ասաց մեզ ուղեկցող գնդապետը՝ Բարեղամ Մուրադյանը:
Նա էլ ճանապարհին մեր չափ հետաքրքրված էր հետևում: Վերջին անգամ մոտ մեկ տարի առաջ էր դիրքեր բարձրացել: Ավտովթարի պատճառով երկար ժամանակ հոսպիտալում է եղել ու հիմա փոփոխություններն է փորձում նկատել:
Բլուրներն իրար Էին հաջորդում: Մեկն էլ անցանք ու մեր առջև հայտնվեց զինավարժարաններից մեկն իր՝ մոտ երեք քառակուսի մետր զբաղեցրած լոբու ցանքսերով: Դրանց մոտ մեր մեքենան կանգնում է: Գնդապետ Մուրադյանն իրեն մոտեցող զինվորին տուփ է փոխանցում ու հրամայում, որ հանձնեն շարքային Արմեն Սահակյանին:
Շարունակում ենք ճանապարհը: Գնդապետին հարցնում եմ՝ ինչ տուփ էր, ասում է՝ տուփում ռադիոընդունիչ էր՝ Պաշտպանության նախարարի խրախուսնքը զինվորին բարեխիղճ ծառայության համար:

Դիրքերին մոտեցաք սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ: Իրավիճակի մասին զեկուցող զիվորների մեջ գնդապետը միագամից ճանաչեց Եղիշեին: Ամիսներ առաջ զիվորը չէր հարմարվում ծառայությանը, մարտական հերթապահությանը: Նրա իսկ խնդրանքով գումարտակը փոխելուց, զրույցներից հետո, հիմա ժպիտով է հիշում անցածը:
«Պարոն գնդապետ, ինձնից քննություն էլ եք վերցրել, հինգ եք նշանակել», – հիշեցնում է զինվորը:
«Ապրես, ապրես, – թփթփացում է զինվորի մեջքին ու շարունակում, – առաջին խնդիրը, որ զորքին թուլացնում է, ոչ կանոնադրական հարաբերություններն են»,- ասում է ու ցույց տալիս դիրքապահի սենյակում փակցված գրությունը. «Տղայական հեղինակության հետ կապված որևէ հարց չի կարող համեմատվել մոր աչքերից հոսող թեկուզ մի կաթիլ արցունքի հետ»:
«Տարաձայնություններ լինում են, բայց թշնամու ներկայությունն այստեղ միշտ ենք զգում: Նայում ենք առաջ՝ նրանք են, հետ՝ մեր սարերը: Հասկանում ենք, որ գոնե այստեղ պիտի միասին լինենք, անկախ ամեն ինչից», – ասում է Եղիշեն:

«Այստեղի խնդիրներին զորամասում շարունակություն տալի՞ս եք», – հարցնում է գնդապետը:
«Պատահում է, բայց հազվադեպ»,- ասում է Եղիշեն: Նրա հետ զրուցեցինք հենց իր հերթապահության ժամանակ, հենակետում՝ միասին թշնամու դիրքերին, շարժին հետևելով: Պատմեց, որ դիրքերում մարտական հերթապահությունը նախընտրում է զորամասում ծառայությունից:
«Այստեղ իմ ու իմ ծառայության կարևորությունն եմ զգում, բացի այդ ժամանակն ավելի արագ է անցնում ու ավելի հեշտ է 7-10 հոգու հետ շփվել, քան հարյուրավոր», – անկեղծանում է շարքայինը:
Նրա երկու ավագ եղբայրները զինվորականներ են, ինքը Գավառի պետական համալսարանում պատմություն է սովորում: Զինվորական չի դառնա, որ ծնողներին մենակ չթողնի: Վերջին անգամ նրանց հուլիսին է տեսել՝ միջնեկ եղբոր հարսանիքին: Մյուս անգամ կտեսնի 20 օրից՝ զորացրվում է: Ինքն ամուսնանալու մտադրություն դեռ չունի, ընկերուհի էլ:

Զրույցին միանում է նաև գնդապետ Մուրադյանը.
«Ճիշտ էլ անում է, պետք չէ բանակում ընկերուհի ունենալ: Գիտեք ինչքան դժվար է զինվորի համար, երբ իմանում է, որ սիրելին նշանվել կամ ամուսնացել է: Վերջերս նման դեպք եղավ: Զինովորը զորամասն ինքնակամ լքել էր: Հասկանալով նրան, քրեական պատասխանատվության չենթարկվեց, բայց տույժ ստացավ»:
Եղիշեին խնդրեցի հիշել իր հերթապաության ժամանակ հակառակորդի առաջին կրակոցներն ու իր գործողությունները:
«Վախ կար, բայց խուճապ՝ չէ, հրամանատարս փորձառու էր, արագ կողմնորոշվեցինք, զեկուցեցինք, ու հաջորդող հրամանները կատարեցինք: Գիշեր էր»,-պատմեց նա:
Հիմա Եղիշեի հրամանատարը լեյտենանտ Վաչե Մելիքյանն է: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտն իր առաջին հերթապահությունն է իրականացնում: Հրամանատարության տակ երեք մարտական դիրք ունի ու քսաներկու զինվոր: Իր հերթապահության ժամանակ արտակարգ դեպքեր չեն եղել, բայց վստահ է, որ կկարողանա կատարել իր մարտական առաջադրանքը: Հակառակորդին ուսումնասիրելիս հասցրել է նկատել, որ.
«Ադրբեջանցին իր դիրքում մինչև ոտքերը երևում է, գիտի որ մենք չենք կրակի, մեր խնդիրը նրանց վնասելը չէ, իսկ մենք դիտակետից պիտի անկյունով նայենք, կամ լրացուցիչ սարքերով, որ նրանց դիպուկահարները չնկատեն»:
Ադրբեջանցի շներն էլ տերերից աննկատ, ինչպես երբեմն նրանց զինվորները, սահմանն անցնում, մեր զինվորնների կողմն են գալիս:

«Այ, էս սևը երկու ամիս առաջ է եկել, էս սպիտակը մի քանի օր առաջ, էս մեկն էլ մի տարի առաջ: Հետ գնալու միտք էլ չունեն»,- պատմեցին զինվորները:
Մենք էլ մեր դիրքերից գնալու միտք չունեինք, բայց զորամասում ՊԲ հրամանատարին պիտի հանդիպեինք: Զինվորները թույլ չտվեցին հեռանանք, մինչև մեզ իրենց բաժին սուրճից, մասուրի հյութից ու թխվածքաբլիթներից չհյուրասիրեցին:
Մինչ մեքենայի շարժիչը միանում էր, սև լուսամուտից նորից նայեցի դիտակետին կից բարձունքին սպիտակ քարերով գրությանը՝ Ավո: Մոնթե Մելքոնյանի այսօրվա զինվորների կեցվածքից, մտքերից ու խոսքից մի բան պարզ էր. նրա խոսքի արժեքն այստեղ գիտեն՝ այն օրը, երբ Արցախը կորցնենք, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը:





