AM
3 Նոյեմբեր 2012 - 05:56 AMT

«Հայկական ժամանակ». Թվային ստորագրություն տրամադրելու համար գումար են պահանջում

Երեկ «Հայկական ժամանակը» մի գործատուից ահազանգ է ստացել, որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակում իրենից գումար են պահանջել՝ թվային ստորագրություն տրամադրելու համար։ Այնինչ սահմանված է, որ մինչև նոյեմբերի 30-ը դիմողների ծախսերի մի մասը համաֆինանսավորում է կառավարությունը, և մինչ այդ ժամկետը թվային ստորագրությունը կտրվի անվճար։ Գրասենյակից թերթին հերքեցին քաղաքացու ահազանգը։ Ըստ գրասենյակի սպասարկման բաժնի պետ Արմինե Աբելյանի, ընկերությունն ըստ էության ոչ թե թվային ստորագրություն է տրամադրում, այլ ապահովում է ստորագրության ծառայությունները։ Նրա խոսքով՝ թվային ստորագրությունը, որը կիրառվում է էլեկտրոնային եղանակով եկամտահարկի հաշվետվությունները ներկայացնելու համար, առկա է լինում նույնականացման քարտերի մեջ, որոնք տրամադրում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Ըստ նրա՝ ստորագրություն ձեռք բերելու համար գործատուն ոստիկանությունից պետք է վերցնի նույնականացման քարտ՝ վճարելով 3000 դրամ, և նոյեմբերից գրանցվի ՊԵԿ համակարգում։ Դրանից հետո, նա դեկտեմբերից կարող է գրանցվել ԷԿԵՆԳ առցանց համակարգում՝ ստորագրությունն ակտիվացնելու նպատակով։ Ստորագրության տարեկան սպասարկման վճարը 3000 դրամ է, բայց մինչև նոյեմբերի 30-ը ծախսերի մի մասը համաֆինանսավորում է կառավարությունը։ Թվային ստորագրություն արդեն իսկ ձեռք բերած գործատուները նույնպես պետք է դիմեն անձնագրային բաժանմունք՝ նույնականացման քարտ ձեռք բերելու համար։ Թվային ստորագրության կիրառման նոր համակարգը գործելու է 2013 թ-ի հունվարի 1-ից։