«Պետք է օգնել մարդուն այնպես, որ նա քո կարիքն այլևս չունենա». սոցիալական աշխատանքի մասնագետ Միրա Անտոնյանն այսօր ասուլիսի ժամանակ Լոնդոնի համալսարանի իր դասախոսի խոսքով ներկայացրեց սոցիալական աշխատողի աշխատանքի արդյունավետությունը:
«Պետական սոցիալական ծառայության համար քաղաքացու համապատասխան դիմումն է պետք, իսկ բարեգործական կազմակերպությունների սոցիալական աշխատողներն իրենց նախաձեռնությամբ կարող են, պատահականության սկզբունքով, բացահայտել ձեզ», – ասաց նա` մեկնաբանելով թե ինչու ամեն մեկի դուռը չէ, որ թակում են սոցաշխատողները: :
Միրա Անտոնյանի խոսքով, սոցիալական աշխատողի կարիքը նկատվեց հատկապես անկախությունից հետո ստեղծված պայամանների պատճառով: Առաջին մասնագետներից էր Լյուդմիլա Հարությունյանը: Նրա ջանքերով 1996 թվականին ԵՊՀ-ում հիմնվեց համապատասխան մասնագիտության բակալավրի աստիճանը, ապա մագիստրատուրան: Հիմա Հայաստանում 3000 սոցիալական պետական ծառայող է աշխատում:
«Մասնագետների պակաս այսօր արդեն չկա, բայց նրանց մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքում», – ասաց Հայաստանի Մանուկներ հիմնադրամի Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի ղեկավար Գայանե Ասատրյանը:
Նրա խոսքով, իրենց կազմակերպությունն աշխատում է Արմավիրի և Արագածոտնի մարզերի գյուղերում: PanARMENIAN.Net-ի թղթակցի` աշխատանքի բնույթի և ծավալի մասին հարցին պատասխանելով` ասաց` սոցիալական աշխատողն այնտեղ շատ անելիքներ ունի :
«Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանում, օրինակ, 120 երեխա ծննդյան վկայական չուներ, հիմա մենք հետևում ենք, որ քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակը առանց խոչընդոտների տրամադրի փաստաթղթերը», – ասաց Գայանե Ասատրյանը:
Եթե նախկինում սոցիալական աշխատողից մարդիկ ակնկալում էին նյութական օգնություն, ապա այսօր արդեն հասկանում են, որ նրանց աշխատանքը խնդիրների, կարիքի մեջ հայտնված մարդկանց այդ իրավիճակից դուրս գալու ուղղությունը ցույց տալն է` սոցիալական, իրավական, հոգեբանական խորհրդատվության միջոցով :





