AM
3 Նոյեմբեր 2012 - 11:55 AMT

Էջմիածնում գումարվել է թեմական ներկայացուցչական ժողով

Այսօր` նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց թեմական ներկայացուցչական ժողով, որին ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստին ՀՀ նախագահի ներկայությունը ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոսելով եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին` Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը նշել է. «Այս բարեպատեհ առիթով մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ և Ձեր գլխավորությամբ հայրենի իշխանություններին մեր սուրբ եկեղեցու առաքելությանն աջակցելու, ըստ ամենայնի եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորմանը զորակցելու և շարունակական ուշադրության ու սատարումի համար, որ ցուցաբերում է հայրենի պետությունը` հանուն մեր սուրբ եկեղեցու պայծառության և շինության: Գոհունակություն է Մեզ համար հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես աջակից է նաև սփյուռքի մեր թեմերի գործունեությանը` հատկապես դիվանագիտական ծառայությունների աշխատակիցների միջոցով, ովքեր իրենց կարևոր առաքելությանը զուգահեռ բարի գործակցությամբ մեծապես սատար են լինում թեմերի հոգևոր-եկեղեցական առաքելությանը»: Անդրադառնալով ժողովին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահեցրեց, որ Թեմական ներկայացուցչական ժողովը համաեկեղեցական իր ընդգրկվածությամբ բարի արդյունքներ արձանագրելով` անպատճառ կծառայի հայ ժողովրդի ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը: Վերջում Նորին սրբությունը իր բարեմաղթանքը և օրհնությունը բերեց ՀՀ նախագահին` հայցելով, որ Աստծու ամենախնամ Սուրբ աջը մշտապես հովանի լինի մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին: Այնուհետև ժողովականներին ուղերձով դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Կասկածից վեր է, որ ներկա ժողովը, և ընդհանրապես Հայ Առաքելական սուրբ եկեղեցու ողջ գործունեությունը, միայն կրոնական կազմակերպության հարց չէ, այլ ունի համահայկական ընդգրկում և նշանակություն. ավելին՝ մեզ համար այն ունի նաև մշակութային, ազգապահպան և քաղաքական նշանակություն: Սա պատմականորեն ձևավորված իրողություն է», – ողջույնի իր խոսքում նշեց ՀՀ նախագահը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ժողովի օրակարգին, նշեց. «Այստեղ քննարկվող հարցերն իսկապես օրախնդիր են: Բոլորիս ցանկությունն է ավելի մոտ լինել մեր ժողովրդին, նրա հոգսերին ու ցավերին, պատասխաններ գտնել նրա հարցերին, որովհետև ժողովրդի ակնկալիքները Մայր Եկեղեցուց շատ մեծ են: Սա արդյունք է դարերով վաստակած անվերապահ հեղինակության»: