Այսօր Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի մասնակիցների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կայացման փուլերը, զրուցել քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներից, ինչպես նաև պատասխանել հարցերի` զինված ուժերի խնդիրների ձեռքբերումների մասին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«ՀՀ զինված ուժերը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխիքը, մշտապես գտնվում են հասարակության վերահսկողության ներքո: Գրեթե բոլոր պաշտպանության նախարարներն էլ եղել են քաղաքացիական անձինք, բացի դրանից` առ այսօր բանակում իրականացվում է քաղաքացիական վերահսկողության տարաբնույթ գործողություններ: ՀՀ զինված ուժերը ծնվել են ժողովրդից` մշտապես արտահայտելով հանրության կամքը: Սա է նաև մեր հաջողության գրավականը»,- ասել է Սեյրան Օհանյանը:
Խոսելով ՀՀ ԶՈՒ ձևավորման և կայացման առանձնահատկությունների մասին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է միասնության, սեփական հողին տեր կանգնելու և գրագետ հրամանատարության գործոնները:
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի մասնակիցներին խորհուրդ է տվել ապավինել սեփական ուժերին և հիշել, որ հաջողության հասնելու համար պետք է երկարատև ու քրտնաջան աշխատանք իրականացնել:





