«Հայկական զբոսաշրջությունը զարգանում է, հիմնականում, մասնավոր սեկտորի հաշվին, սակայն կառավարությունն էլ իր հերթին անում է ամենը, որպեսզի զբոսաշրջության ոլորտը ինտենսիվորեն զարգանա, եւ մեր երկիր այցելեն ոչ միայն ամառը, այլ նաեւ ձմեռը: Մենք ջանքեր ենք գործադրում միջազգային զբոսշարջությանը ինտեգրվելու համար»,-հայտարարել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը, բացելով Երեւանում զբոսաշրջության CTS 2005 միջազգային ցուցահանդեսը: Նրա խոսքերով, Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ամենամյա աճը կազմում է 20-25 տոկոս: Այդպես, 2004 թվականին Հայաստան է այցելել 260 հազար զբոսաշրջիկ: Այս տարի նախատեսվում է ընդունել մինչեւ 300 հազար: Արա Պետրոսյանը տեղեկացրել է նաեւ, որ ամեն տարի զբոսաշրջության համար Հայաստանի պետբյուջեից հատկացվում է 20 մլն դրամ (մոտ 46 հազար դոլար): Մինչդեռ, մեկ զբոսաշրջիկը մեկ շաբաթվա ընթացքում միջինում ծախսում է 800-1000 դոլար: Իր հերթին, Հայաստանում Լիբանանի դեսպան Ժիբրաիլ Բուտրոս Ժաարան հայտարարել է, թե Հայաստանը գրավիչ եւ ինքնատիպ երկիր էզբոսշրջության համար, առաջին հերթին իր անվտանգության եւ կայունության հաշվին: CTS 2005 ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Տուրօպերատորների ամերիկյան միության երեւանյան ներկայացուցչությունը (ASTA) Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության աջակցությամբ, մասնակցում են 33 ընկերություններ Հայաստանից, Բելառուսից եւ Իրանից (2 ավիաընկերություններ, 7 հյուրանոցային համալիրներ, 1 տրանսպորտային կազմակերպություն, 13 տուրիստական գործակալություններ, 1 ապահովագրական ընկերություն, 5 հասարակական կազմակերպություններ, 3 հրատարակչություն, 1 տեղեկատվական գործակալություն): Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել 2005 թվականի զբոսաշրջության զարգացման ծրագրին: Ընդհանուր առմամբ, սփյուռքին է բաժին ընկնում զբոսաշրջիկների ընդհանուր թվի այցելությունների 60-65 տոկոսը, տարածաշրջանային զբոսաշրջիկների քանակը տատնվում է 10 տոկոսի սահմանում: Զբոսաշրջության ներդրումը Հայաստանի ՀՆԱ-ի մեջ կազմում է շուրջ 5-6 տոկոս, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





