Ավելի քան 40 հայկական դեղագործական ընկերություններ՝ դեղ արտադրող և ներմուծող, ՀՀ կառավարության և պետական սեկտորի ներկայացուցիչների հետ միասին այսօր քննարկեցին ոլորտում կատարվելիք էական բարեփոխումները։ 2010թ.-ից ի վեր սա թվով 4-րդ «Առանց փողկապների» երկօրյա հանդիպումն էր, որը կազմակերպվել է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի օժանդակությամբ՝ միավորելով դեղագործության ոլորտի ներկայացուցիչներին և համապատասխան պետական մարմիններին ոլորտի գերակա խնդիրները և զարգացման առաջնահերթությունները քննարկելու համար։
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ողջունեցին ներկաներին նոյեմբերի 3-ին կայացած առաջին նիստին, որը նվիրված էր կառավարության մշակած դեղագործության/բիոտեխնոլոգիաների ոլորտի 2012-2015թթ. ռազմավարության շրջանակներում զարգացման առաջնահերթություններին։ Ռազմավարությունը կոչ է անում տեղական արտադրողներին 2013թ. կանոնակարգել իրենց կողմից իրականացվող գործառնությունները՝ Պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) և Պատշաճ բաշխման գործունեության (ՊԲԳ) միջազգայնորեն ճանաչված ստանդարտներին համապատասխանելու համար։ Մասնակիցները քննարկեցին ընկերությունների կողմից իրականացվելիք գործողությունների ծրագրի առաջընթացը, ինչը նրանց կընձեռի ՊԱԳ և ՊԲԳ ստանդարտներին համապատասխանելու, վաճառքի ծավալները մեծացնելու, ինչպես նաև շուկայում առավել մրցունակ դառնալու հնարավորություն։
«Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը ևս քննարկման առարկա դարձավ։ Վերջինիս նպատակն է համապատասխանեցնել տեղական դեղարտադրությունը եվրոպական ստանդարտներին և բարելավել հայկական դեղերի որակը։ Կողմերը հույս հայտնեցին, որ նոր օրենքը կնպաստի հայկական արտադրողների մրցունակության բարձրացման և մասնաբաժնի ընդլայնմանը, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկայում։ Մասնակիցներին ներկայացվեցին օրենքի նախագծում ը կատարված վերջին փոփոխությունները։ Նախագիծը վերջնական տեսքով կներկայացվի ՀՀ կառավարությանը մինչև ս.թ. նոյեմբերի վերջ։ Միջոցառման երկրորդ օրը`նոյեմբերի 4-ին, մասնակիցները անդրադարձան ՓՄՁ ներդրումներին, ինչպես նաև ԴԱՆ Միության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից համատեղ մշակված Մարքեթինգի էթիկայի կանոնագրքին։





