AM
5 Նոյեմբեր 2012 - 09:58 AMT

Արամ Մանուկյան. Վերջին երեք օրվա ընթացքում իմ երեք ընկերներն իրենց ընտանիքներով անվերադարձ գնացին երկրից

«Մեր երկրում քաղաքական գործընթացներն անկանխատեսելի են` կարող են զարգանալ ոչ այն ուղղությամբ, որն ակնկալում են քաղաքական ուժերը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով Հայաստանը տագնապալի վիճակում է :

«Եթե 10 տարի առաջ արտագաղթողների 85%-ը երկիրը լքում էր սոցիալական պայմանների պատճառով, ապա հիմա 45%-ը գնում է, քանի որ Հայաստանում իրեն ապահով չի զգում ու իր երեխաների համար ապագա չի տեսնում: Վերջին երեք օրվա ընթացքում իմ երեք ընկերներն իրենց ընտանիքներով անվերադարձ գնացին երկրից», – ասաց Արամ Մանուկյանը:

Նա նաև նշեց, որ եթե քաղաքական ուժերը մի կողմ չդնեն իրենց ամբիցիաները և չմիավորվեն այդ խնդրի լուծման համար, ապա երկրին սպառնում է ամբողջական արտագաղթ: Նրա խոսքով, եթե առաջիկա ընտրություններում առաջադրվող թեկնածուներն ու քաղաքական ուժերն իր և ՀԱԿ-ի կողմից թիվ մեկը համարվող արտագաղթի խնդրի շուրջ ծրագրեր չներկայացնեն, բոլոր քաղաքական զարգացումներն անիմաստ կլինեն :

«Իվանիշվիլին լավագույն տարբերակը չէր Վրաստանի համար, բայց նա հույս տվեց ժողովրդին ու ժողովուրդն ընտրեց նրան», – ասաց ընդդիմադիր գործիչը :