AM
5 Նոյեմբեր 2012 - 10:28 AMT

DOING-BUSINESS ամենամյա զեկույցի «կառուցապատման թույլտվություններ» բաղադրիչով Հայաստանը առաջընթաց է արձանագրել

Այսօր տեղի ունեցած ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի նիստում տեղեկատվություն է ներկայացվել DOING-BUSINESS-2013 ամենամյա զեկույցի և Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման օրենսդրական կանոնակարգմանն առնչվող առաջարկների վերաբերյալ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համաձայն ՀԲ-ի DOING-BUSINESS ամենամյա զեկույցի «կառուցապատման թույլտվություններ» բաղադրիչով արձանագրվել է 38 միավորով բարելավում, որը հետագայում ՀԲ-ի կողմից բարձրացվել է ևս 8 միավորով: Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից ընդունվել են կառուցապատման թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված մի շարք օրենսդրական ակտեր: Ներկայումս «կառուցապատման թույլտվություններ» բաղադրիչով Հայաստանը զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 46-րդ տեղը:

Կոլեգիայի նիստում Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման օրենսդրական կանոնակարգմանն առնչվող առաջարկների քննարկման մասով անդրադարձ է եղել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգի նախագծին: Նախատեսվում է բազմաբնույթ և կարևոր գործընթացների կատարելագործման նպատակ հետապնդող օրենքի նախագծի մշակում: