AM
5 Նոյեմբեր 2012 - 12:11 AMT

Ոչ պետական բուհերի ուսանողները՝ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կողքին

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն հրավիրում են «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն : Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամից: «Մենք կարող ենք միասին» բարեգործական ծրագրի շրջանակներում ուսանողները «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի շահառուների համար նախատեսել են համերգային ծրագիր։ Նրանց կողջունեն ոչ պետական բուհերի շնորհալի ուսանողները, մուլտֆիլմերի հերոսները։ Ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին ուսանողները կնվիրեն քաղցրավենիք, գրենական պիտույքներ, հագուստ, զարգացնող խաղեր։

Բարեգործական ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների հոգևոր ու մշակութային զարգացմանը, նրանց ինտեգրմանը հասարակություն։ Բացի այդ, ոչ պետական բուհերի ուսանողները ծրագրի շնորհիվ կիրազեկվեն հաշմանդամություն ունեցող հասակակից երիտասարդների հիմնախնդիրներին ու կդառնան դրանց լուծման անմիջական մասնակիցը: