Կարևորը հետախույզի ոգին է, ոչ միայն պատրաստվածությունը: Այսօր՝ նոյեմբերի 5-ին, երբ նշվում է հետախույզի մասնագիտական տոնը, հայտարարեց Հատուկ նշանակության խմբի հիմնադիր անդամ, նախկին հետախույզ Վարդան Ենոքյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ իր համար հետախույզ լինելը հոգեվիճակ է:
Վարդան Ենոքյանը, խոսելով հայկական բանակի հետախուզության պատրաստվածության մասին, նշեց. «Եթե ժամկետային զինծառայողը կարողանում է ոչնչացնել իրենից ավելի լավ պատրաստված տվյալ ստորաբաժանման ներկայացուցչին, հետևաբար, ինքն ավելի լավն է, քան հակառակորդի տվյալ ստորաբաժանման ներկայացուցիչը: Մեր տղերքն ավելի լավն են, քան նրանց (Ադրբեջանի) դիվերսանտները»:
Հետախույզն, անդրադառնալով իր ծառայությանը Խորհրդային բանակում, նշեց, որ Խորհրդային բանակում ադրբեջանցի հետախույզներ շատ կային, սակայն ինքը չի կարող նշել գեթ մեկին, որը զորավարժության ժամանակ աչքի ընկներ: «Յուրաքանչյուր խնբում, եթե կար գոնե մեկ հայ, դիվերսիոն գործողությունների ժամանակ անպայման ցույց էր տալիս իրեն»,- նշեց հատուկ նշանակության խմբի հիմնադիր անդամը: Անդրադառնալով մեր օրերին՝ նա ընդգծեց. «Այդ ժամանակներից ի վեր մենք արդեն գիտենք իրար և այսօր ոչինչ չի փոխվել: Հարյուրամյակների, հազարամյակների հետ ոչինչ չի փոխվել՝ հայի ոգին հաղթել է ու հայի ոգին պետք է հաղթի»:





