Համացանցում «Չենք լռելու» նախաձեռնության տարածած տեսահոլովակում Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ Ռոմիկ Քոչարյանը և նրա կինը՝ պատմում են իրենց զինծառայող որդու հիվանդության և «ՊՆ-ի կողմից ցուցաբերված խայտառակ վերաբերմունքի մասին»:
Լիովին կիսելով ծնողների ցավն ու մտահոգությունը, և ըմբռնումով մոտենալով նրանց, առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, հուսահատ քայլերին, որով բարձրաձայնում են խնդիրը և փնտրում ելքեր՝ որդուն օր առաջ ապաքինված տեսնելու համար՝ տեղեկացնում ենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի հետազոտման և բուժման նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարության պատկան բոլոր օղակները գործել են զինծառայողների սոցիալական ապահովության օրենսդրությանը համապատասխան և ձեռնարկել սպառիչ քայլեր: Ինչպես Ա. Քոչարյանի, այնպես էլ՝ յուրաքանչյուր զինծառայողի համար անվճար, որակյալ բուժօգնությունը կազմակերպվում է միայն Հայաստանում՝ ՊՆ գերատեսչական բուժհիմնարկություններում, հարկ եղած դեպքում՝ ՀՀ տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ՀՀ օրենքը զինծառայողների եվ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին, հոդված 33):
Ինչ վերաբերում է հետագա բուժման ծախսերին, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում օժանդակում է դրան: Արթուր Քոչարյանի հիվանդության ախտորոշումից հետո ՀՀ ՊՆ բուժծառայությունը շուրջ երկու ամիս հավուր պատշաճի կազմակերպել է զինծառայողի ստացիոնար վերահսկողությունն ու բժշկական օգնությունը:
Ցավոք, հայտնի դրդապատճառներով, հերթական անգամ մարդկանց ցավին տրվող հնչեղությունը միտումանվոր ուղղորդվում է հասարակության շրջանում զինված ուժերի հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորելուն:
Հիշեցնենք, որ «Չենք լռելու» նախաձեռնությունը նախօրեին տեսանյութ էր տարածել, որտեղ զինվորի հարազատները պատմում էին նրա հետ կատարվածը:





