AM
7 Նոյեմբեր 2012 - 14:44 AMT

«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ»-ի «թնջուկը» չի պարզվում

«Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատներ»-ը իրենց հաշիվները դեռ չեն մարել: Հիմա էլ լուրեր են շրջանառվում, որ «Ժառանգություն» խմբակցությունը մտադիր է միջխորհրդարանական խմբերից և հանձնաժողովներից հետ կանչել նույն խմբակցության պատգամավորներ՝ «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանին և ԱԴ անդամ Ալեքսանդր Արզումանյանին:

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ նման որոշում կայացված չէ: «Թե ինչ կարող է լինել, արդեն հետագայի հարց է: Իրավական առումով նման որոշում ընդունելը հնարավոր է, քանի որ ֆրակցիան է նշանակում հանձնաժողովներում իր ներկայացուցիչներին: Իսկ եթե հիմք լինի, ուրեմն նման որոշում կկայացվի»,- նկատեց Հովսեփ Խուրշուդյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ նախ պետք է խմբակցության նիստ լինի, որից հետո միայն հարցը կլուծվի: «Մենք հայտարարել ենք, որ «Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչները ԱԺ-ում ներկայացնելու են առանձին կուսակցություն: Մենք հստակ նշել ենք, որ կաշկանդված չենք «Ժառանգություն» խմբակցության որոշումներով և պատասխանատվություն էլ չենք կրում: Այնպես, որ սպասենք, տեսնենք ինչ քայլեր կձեռնարկեն, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց «Ազատ դեմոկրատներ»-ի մամուլի խոսնակը:

Ավելացնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել էր, որ նման որոշում կարող է լինել, բայց ավելի ստույգ պատասխանը կլինի շաբաթվա վերջում: