«Բարև տղաս, ո՞նց ես, ամեն ինչ լա՞վ է, առողջությունդ ո՞նց է», «Պապ, քեզ շատ եմ կարոտել», «Սյուզին էլ ա եկել քեռիին տեսնելու», «Առողջ ծառայեք, առողջ վերադարձեք». Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողներին այսօր տեսակամուրջի ժամանակ դիմեցին նրանց հարազատները:
«Մենք լավ ենք, մամ ջան, ամեն ինչ նորմալ է», «ո՞նց ես տղես, դասերդ սովորո՞ւմ ես», «բա հոպարն ո՞ւր ա». պատասխանեցին խաղաղապահները:
Նրանք արդեն 4 ամիս է Աֆղանստանում են, ապահովում են Քունդուզի օդանավակայանի շենքի, թռիչքուղու և անցակետի անվտանգությունը: Բազմիցս արժանացել են հրամանատարության բարձր գնահատանքին, օրերս էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմունսենն անձամբ պարգևատրել է նրանցից երկուսին:
Հայկական զորախումբն իր ծառայությունն իրականացնում է գերմանական ղեկավարության ներքո` Աֆղանստանում տեղակայված Միջազգային անվտանգության աջակցման ուժերի Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությամբ գործող զորախմբի կազմում:
ԱԳՆ-ում կազմակերպված տեսակամուրջին մի քանի այլ դեսպանների հետ միասին մասնակցում էր նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
«Մենք ուրախ ենք, որ դուք հենց գերմանական զորախմբի հետ եք աշխատում: Ձեր ծառայությունը գնահատում ենք արդյունավետ: Գիտենք, որ հեշտ գործ չէ, վտանգները շատ են: Դուք և Հայաստանը կարող եք հպարտանալ: Ապահով վերադարձ ձեզ», – ասաց դեսպանը:





