«168 ժամը» գրում է. «Առջևում ՀՀ նախագահական ընտրություններն են: Ինչպե՞ս ինտերնետը կօգտագործեն քաղաքական ուժերը և թեկնածուները քարոզարշավի ընթացքում: Ինչպիսի՞ դրսևորումներ կստանա մրցապայքարը: 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական թեժ իրադարձությունների ընթացքում որոշ լրատվական կայքեր մուտքն անհնարին դարձավ: Հնարավո՞ր է, որ այս անգամ էլ իշխանությունները «ռուբիլնիկն անջատեն»` զրկելով ինտերնետից և առցանց տեղեկատվությունից»:
Թերթը գրում է, որ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ` ՀՀ-ում այդ արգելափակումը չի կարող աշխատել, որքան շատ են լինում սահմանափակումները, այնքան մարդիկ ավելի են հետաքրքրություն ցուցաբերում: Նույնիսկ Չինաստանում, որտեղ անգամ հատուկ կիբեռոստիկանություն կա, ինտերնետի արգելափակումը չաշխատեց: Ս. Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Եգիպտոսում քաղաքական խռովությունների ընթացքում ինտերնետն ամբողջությամբ անջատելու փորձին, նկատել է. «Այդպիսով առաջին հերթին ինքը՝ իշխանությունն է իրեն շրջափակման ենթարկում, և ինքն էլ չի ունենում ինտերնետի հնարավորություն: Բայց չէ՞ որ այդ ինտերնետն իշխանություններին պետք է նաև սեփական քարոզչությունն իրականացնելու համար»:





