AM
8 Նոյեմբեր 2012 - 06:04 AMT

«Հրապարակ». Հանցագործության մի քանի տասնյակ չհաշվառված դեպքեր են բացահայտվել

Ինչպես ավելի վաղ գրել էր «Հրապարակ»-ը, ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը (ՆԱՎ) վերջին երկու ամսվա ընթացքում զբաղված էր մայրաքաղաքի բաժիններում թաքցված հանցագործությունները բացահայտելով:

«Երեկ տեղեկացանք, որ Կենտրոնի բաժնում ստուգումներն արդեն ավարտվել են և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:

Թե քանի հանցագործություն են թաքցրել, փորձեցինք ճշտել Կենտրոնի բաժնի ղեկավար Մարտիրոսյանից: Պաշտոնյան արագ վրա տվեց՝ «նախ մենք հանցագործություն չենք թաքցրել», և ասելիքի շարունակության ռիսկայնությունը զգալով՝ հիշեցլրատվության վարչության գոյության մասին, թե` այնտեղից ճշտեք մանրամասները:

Ստացվում է՝ պաշտպանվել կարող էր, բայց թեմայի շուրջ մի երկու բան մանրամասնելն արդեն իր գործառույթը չէր:

Լրատվությունից էլ, որպես մանրամասն, միայն հաստատեցին, որ նյութերն ուղարկվել են ՀՔԾ: Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանը դեռևս ամիսներ առաջ խորհրդակցություն էր հրավիրել ու, դատապարտելով հանցագործություն թաքցնելը, հանձնարարել էր ՆԱՎ-ին ստուգումներ իրականացնել:

Եվ ահա, այդ ստուգումների արդյունքում բացահայտվել են հանցագործության մի քանի տասնյակ չհաշվառված դեպքեր, մինչդեռ նույն ստորաբաժանման ղեկավար Մարտիրոսյանը հակադարձեց մեզ՝ բացահայտ ստելով, թե իրենք հանցագործություն չեն թաքցրել: Այնինչ հենց այդ փաթեթն է ուղարկվել ՀՔԾ: Ինչպես տեսնում եք, ստորաբաժանումների ղեկավարները անգամ այս բացահայտումներից հետո շարունակում են անպատիժ մնալ»,- գրում է թերթը: