Առաջին հայացքից թվում է, թե Գյումրին վագոն-տնակներից ազատման գործում պիտի շահագրգռված լինեին բոլորը, այդ թվում առաջին հերթին բնակիչները, ապա տեղական ու հանրապետական իշխանությունները:
Սակայն 2010թ.-ից Գյումրիում ընթացող բնակբաշխման գործընթացի մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բնակարան ստացած անօթևան բազմաթիվ ընտանիքներ տնակների քանդման ժամանակ երբեմն հանդիպում են արհեստածին խոչընդոտների և որ ամենացավալին է՝ դրանց հաղթահարման գործում նրանք մնում են անօգնական վիճակում:
Իսկ, աղետի գոտում ՀՀ կառավարության բնակարանների բաշխումը կանոնակարգող որոշումներով սահմանված կարգի համաձայն, նոր բնակարան ստացած ընտանիքները, որպեսզի կարողանան իրենց նոր բնակարանները սեփականաշնորհել, պետք է քանդեն իրենց տնակները և ազատեն տարածքները, ինչպես նաև այդ փաստը պիտի հիմնավորվի տեղական իշխանությունների կողմից տրված համապատասխան գրավոր տեղեկանքով: Ավելացնենք, որ յուրաքանչյուր բնակբաշխման գործընթացի ժամանակ Գյումրիում ձևավորվում են հատուկ շինարարական բրիգադաներ, ովքեր բնակարաններ ստացած ընտանիքներից գնում են ժամանակավոր կացարանները, դրանք քանդում և վաճառում են որպես շինանյութ: Այդ գործարքները շահավետ են նաև բնակարան ստացած ընտանիքներին, ովքեր տնակների վաճառքից ստացած գումարները օգտագործում են բնակարանամուտի ծախսերը հոգալու և նոր բնակարանը կահավորելու համար որևէ անհրաժեշտ գույք գնելու նպատակով:
Տնակները քանդելու գործում երբեմն խոչընդոտում են այն անձինք, ովքեր տարիներ առաջ մատչելի գներով ձեռք են բերել քաղաքի երբեմնի հզոր հիմնարկ-ձեռնարկություններն ու երկրաշարժից հետո Գյումրիում նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններից ժամանած և վերականգնողական աշխատանքներ իրականացրած շինարարների կողմից թողած հիմնարկությունների գույքն ու բանվորական հանրակացարանները: Խնդիրը նրանում է, որ այդ տարածքներում տեղադրված վագոն-տնակներում բնակվող անօթևանները, երբ բնակարաններ են ստանում և փորձում են իրենց տնակները քանդել, հայտնվում են այդ տարածքների սեփականատերերը և պահանջում են տնակները իրենց հանձնել, պատճառաբանելով, թե իրենք տարածքները գնել են այնտեղ տեղադրված տնակներով հանդերձ: Որոշ մարդիկ անախորժության մեջ են ներքաշում 24 երկար ու ձիգ տարիներ բնակարանի սպասած ընտանիքներին:
Նման վիճակում է հայտնվել նաև «Շիրակ կենտրոնի» այսօրվա տեսանյութի հերոսը, ով 24 տարի խոնավ ու ցուրտ տնակներում բնակվելուց հետո օրերս Մուշ-2 թաղամասում իր երկու երեխաների և տարեց մոր հետ բնակարան է ստացել և փորձել է քանդել իր տնակը, սակայն նրա` Արմենուհի Մաթոսյանի կիսաքանդ տնակի վրա Գյումրու ոստիկանության կողմից կալանք է դրվել:
Հ.Գ. ՀՀ Գյումրու դատախազությունից հայտնել են, որ արդեն իսկ ուսումնասիրվում են տեսանյութում արծարծված փաստերը:





