AM
8 Նոյեմբեր 2012 - 07:25 AMT

Ամռանը քաղաքապետին դիմած 8-ամյա տղան և նրա ընկերներն արդեն ֆուտբոլի դաշտ ունեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ բացել է Արաբկիր վարչական շրջանի Կիևյան 18 հասցեի բարեկարգված բակը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրտվության վարչությունից: Ֆուտբոլի փոքր խաղադաշտ ունենալու խնդրանքով բակի 5 փոքրիկ բնակիչներն անձամբ էին նամակով դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ութամյա Աշոտի և նրա ընկերների խնդրանքն անպատասխան չմնաց, և քաղաքապետի հանձնարարությամբ Կիևյան 18 հասցեում մեկնարկեցին բակի վերանորոգման աշխատանքները: Հատկանշական է, որ նամակը գրելիս Աշոտը չէր մոռացել նաև իր փոքրիկ քրոջ մասին և ֆուտբոլի դաշտից բացի, խնդրել էր բակում կառուցել նաև խաղահրապարակ: Քաղաքապետը, շնորհավորելով բնակիչներին, ևս մեկ անգամ ընդգծել է, որ Երևանի բարեկարգմանն ու գեղեցկացմանն ուղղված ցանկացած աշխատանք իրականացվում է հաշվի առնելով հենց բնակիչների մոտեցումներն ու առաջարկությունները. «Մենք Աշոտիկի ցանկություններն այսօր իրականացրեցինք, բակում կառուցեցինք և ֆուտբոլի դաշտ և խաղահրապարակ: Աշոտիկից հետո այսօր արդեն քաղաքի բոլոր երեխաներն են այդ ցանկությամբ դիմում և ես՝ որպես Երևանի քաղաքապետ, խոստացել եմ Երևանի բոլոր երեխաներին, որ մայրաքաղաքի բոլոր բակերը բարեկարգելու ենք և հանձնելու ենք իրենց» ,-նշել է Տարոն Մարգարյանը:

Բարեկարգ բակի հանդիսավոր բացման օրը համընկել էր նաև Աշոտի ընկերոջ՝ ութամյա Արթուրի, ծննդյան տարեդարձի հետ:

Փոքրիկին քաղաքապետն անձամբ է շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի հետ բարեկարգված բակում նաև եղևնի է տնկել: