AM
8 Նոյեմբեր 2012 - 08:01 AMT

Տարածքային կառավարման նախարարությունը հայտարարում է միգրացիայի հարցերի լուսաբանման մրցույթ

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հայտարարում է լրագրողական մրցույթ: Դրա նպատակն է խրախուսել ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանն ու պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված թեմաների լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներով: Այս մասին հայտնում են Ինֆորմացիայի ազատության կենտրոնից:

Մրցույթին կարող են ներկայացվել 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված լրագրողական նյութերը:

Մրցույթն անցկացվելու է մեկ անվանակարգով՝ առաջին, երկրորդ և երրորդ մրցանակներով: Բոլոր տեղերի համար նախատեսվում են դրամական մրցանակներ. առաջին տեղ՝ 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, երկրորդ տեղ՝ 500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ և երրորդ տեղ՝ 300 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից և միգրացիոն հարցերով փորձագետներից:

Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2013 թվականի հունվարի 31-ը :