ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի բացառում, որ ԲՀԿ-ի առաջարկած քաղաքական խորհրդակցությունները նախագահական ընտրություններից առաջ տակտիկական քայլ է: Այս մասին ԱԺ պատգամավորն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Աղվան Վարդանյանն, անդրադառնալով այսօր ՀՅԴ գերագույն մարմնի հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է, որ առաջիկայում խորհրդակցություններ են սկսելու բոլոր քաղաքական ուժերի հետ, նշեց, որ հայտարարությունը իրավիճակային հայտարարություն չէ և պայմանավորված չէ այն հանգամանքով, թե ով է իշխանւթյուն, և ով՝ ընդիմություն. «Սա պայմանավորված է մեր երկրի ապագայի հանդեպ մտահոգությամբ, մեր հասարակության, մեր հանրության շահերով»:
Աղվան Վարդանյանը նաև նշեց, որ այսօր ստեցծված իրավիճաից դուրս գալ է հարկավոր և ՀՅԴ-ն այս հարցը քննարկելու է քաղաքացիական հասարակության հետ. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ համախմբում կայանա»,- նշեց բանախոսն ու հավելեց, որ այս պարագայում անձերը կարևոր չեն և երկիրն այս իրավիճակից հանել է հարկավոր:
Հիշեցնենք՝ այսօր ՀՅԴ գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում թվարկել է մի շարք խնդիրներ, որոնք նախագահական ընտրություններից առաջ լուծում են պահանջում: Մանավորապես ՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարիգի անցում, որը կբերի երկրի կառավարման խորհրդարանական համակարգի, հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրության ետ կանչում և հինգ այլ հարցեր:





