Հայաստանն այսօր շատ ավելի լավ դրության մեջ է, քան անգամ մի շարք եվրոպական երկրներ: Նման կարծիք է հայտնել «Հայ ասպետ» հիմնադրամի և հեռուստանախագծի հեղինակ, վարող Կարին Տոնոյանը, որը հայաստանյան պատվիրակության կազմում մասնակցում էր հոկտեմբերի 3-8-ը հունական Հռոդոս կղզում կայացած «Քաղաքակրթությունների երկխոսություն» 10-րդ միջազգային համաժողովին: «Համաժողովի ընթացքում պարզ դարձավ, որ աշխարհի անգամ զարգացած երկրները շատ խճճված վիճակում են: Նույն Եվրոպան, որին այդքան ձգտում ենք հասնել, շատ ավելի բարդ խնդիրներ ունի, քան Հայաստանը: Եվրոպական երկրներում ծառացել է ազգային ինքնության խնդիրը. ազգերի ժողովրդավարությունը բնակչության բազմազանության է հանգեցրել, մի շարք երկրներ ազգային դիմագիծը կորցնելու եզրին են: Եվ այդ երկրների կողքին Հայաստանն ունի երեք կարևոր առավելություն. մենք ունենք մշակույթ, ունենք ազգային միատարրություն և միասնականություն կրոնի հարցում»,- նշեց նա:
Հայաստանյան պատվիրակության կազմում համաժողովին մասնակցած Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր հերթին նշեց, որ համաժողովին մասնակցում էին 62 երկրների հասարակական, քաղաքական, տնտեսական վերնախավերի ներկայացուցիչներ, հայտնի կրոնական գործիչներ: «Համաժողովի կազմակերպիչները իրենց նպատակը տեսնում են երկխոսությունից ու համագործակցությունից քաղաքակրթությունների ինտեգրմանն անցնելու մեջ: Այն շատ մեծ հնարավորություններ է ընձեռում ճանաչելու այլ երկրների ներքին քաղաքական, սոցիալական, մշակութային դրությունը, սեփական խնդիրները համեմատել մյուս երկրների խնդիրների հետ և կարողանալ ավելի օբյեկտիվ մոտենալ դրանց»,- ասաց նա` հավելելով, որ միջազգային համաժողովը նաև փորձի փոխանակության և կապեր հաստատելու հիանալի հնարավորություն է ընձեռում:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հավելեց, որ նստաշրջանին մասնակցությունը գործի կեսն է, և վերադառնալուց հետո մասնակիցները պետք է իրենց ազնիվ նպատակների համար քայլեր գործադրեն նաև Հայաստանում, որպեսզի «խոսքը նաև գործի վերածվի»:
Հայաստանը «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցում է 2006 թվականից: Այս տարի հայաստանյան պատվիրակության կազմում էին նաև բնապահպան Կարինե Դանիելյանը, մի շարք լրագրողներ:





