Արցախի հարցում հայկական կողմը մի քանի ուղղություններով պետք է աշխատանքներ տանի: Իսկ ամենակարևորը, ըստ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի, Արցախում տնտեսական և դեմոգրաֆիական զարգացումն է:
«Քարվաճառի շրջանում երկրորդ ճանապարհի շահագործումը կամ Շուշիի վերականգնումը շատ ավելի մեծ նշանակություն ունեն հայկական կողմի դիրքորոշումն արտահայտելու հարցում, քան Ավստրալիայի կամ այլ ինչ-որ արտաքին ուժերի հայտարարությունները և ճանաչման հետ կապված գործողությունները: Իրական իրավիճակը ամրապնդվում է հենց տեղում, ոչ թե արտաքին ուժերի հետ կապված գործընթացներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերգեյ Մինասյանը:
Ըստ փորձագետի՝ այս տարվա ընթացքում Արցախի հարցի կոնտեքստում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունը, որին այնքան էլ մեծ կարևորություն չտրվեց, արտգործնախարարների հանդիպումն էր: «Բոլորին թվում էր, թե բանակցային գործընթացը դժվար թե վերսկսվի, սակայն այս հանդիպումը ցրեց այդ մտահգությունը: Այն իրավիճակում, երբ կողմերը ունեն զրոյական կամ մինուսային վստահություն միմյանց հանդեպ, ու Սաֆարովի դեպքը դա ավելի նկատելի դարձրեց, և համանախագահները, և Ադրբեջանը, և Հայաստանը կարողացան շարունակել բանակցությունները, թեկուզ՝ ձևական»,- նկատեց նա:
Սերգեյ Մինասյանի բնորոշմամբ՝ սա ապացուցեց, որ նախ՝ առաջիկայում Մինսկի խմբի ֆորմատի փոփոխություն չի լինի, և ապա, չնայած կողմերի միջև վստահության բացակայությանը, այն ամեն բան կանի, որ բանակցությունները շարունակվեն և բացասական ելքեր չլինեն:
Փորձագետը կարծում է, որ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությունը փոքր է: Այս փուլում պատերազմը երկու երկրների համար էլ շատ թանկ կարժենա:





