Նոյեմբերի 9-ին ժամը 12:00-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և իր գլխավոր գործընկեր՝ VivaCell-MTS-ը ծառեր կտնկեն Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, օտարերկրյա դեսպանների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են FPWC-ի մամլո ծառայությունից:
Միջոցառումը տեղի կունենա հիմնադրամի կողմից պահպանվող «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում, որը գտնվում է «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում: FPWC-ն այն երկարաժամկետ վարձակալության տակ է առել՝ ստեղծելով Հարավկովկասյան տարածաշրջանում առաջին մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքը: Այս մոդելային նախագիծը իրականացվում է Բնության Պահպանության Միջազգային Միության նիդերլանդական հանձնաժողովի (IUCN NL), բրիտանական World Land Trust կազմակերպության (WLT) և VivaCell-MTS-ի աջակցությամբ:
Ծառատունկը ՀՀ Բնապահպանության Նախարարության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) միջև Փոխըմբռնման Հուշագրի ստորագրման արարողության միջոցառումներից է:





