Վրաստանի նախկին իշխանությունների ժամանակ Ջավախքում էթնիկ հալածանքներն ու ճնշումները խիստ մտահոգիչ էին: Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի բնորոշմամբ՝ նոր իշխանությունների հայտարարությունները Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ բավականին լավատեսական են հնչում: «Իհարկե, դեռ շատ շուտ է որևէ կոնկրետ կանխատեսում անել, բայց ես կարծում եմ, որ եթե Վրաստանը ավելի լիբերալացվի, ավելի բաց քաղաքական համակարգ ունենա, Ջավախքի քաղաքական ակտիվստներին ավելի հեշտ կլինի հանդես գալ և առաջ քաշել իրենց խնդիրները: Այսպիսով, Ջավախքում ավելի բարենպաստ իրավիճակ կստեղծվի»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա՝ շատ բաներ կախված կլինեն նաև այն բանից, թե ինչ հարաբերություններ կունենա Հայաստանի և Վրաստանի իշխանությունները: Փորձագետը կարծում է, որ Ջավախքում իրավիճակը և քաղաքական, և տնտեսական, և հասրակական մթնոլորտի առումով ավելի բարենպաստ կլինի, քան Սահակաշվիլու ղեկավարած վերջին տարիների ընթացքում էր:





