AM
8 Նոյեմբեր 2012 - 11:55 AMT

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանին Վերաքննիչ դատարանում էլ մերժեցին

Հայրենիքում միլիոնավոր դոլարներ կորցնելուց հետո մինչ օրս տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում էլ մերժում ստացավ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբից: Նրանց տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Գործարարի ներկայացուցիչները արդեն երկրորդ անգամ են Էդմոնդ Խուդյանին տուժող ճանաչելու հարցը հասցնում վերաքննիչ դատարան, քանի որ արդեն 1.5 տարի շարունակաբար ձգվում է Խուդյանին պատկանած ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված գործի նախաքննությունը: 1.5 տարի տևող նախաքննության արդյունքում, սակայն, մինչ օրս ոչ մեղադրյալներ են առաջ քաշվել, ոչ էլ կասկածյալներ, իսկ մինչ ՊԵԿ քննիչը նախաքննում է, Խուդյանի ներդրումներով կառուցված շենքում նույն հանցագործները շարունակվում են բնակարաններ վաճառել:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է բոլոր այն փաստերը, որոնցով ապացուցվում է, որ նախաքննություն այս գործով վաղուց արդեն իրականում չի ընթանում և հայտարարելով, որ գործը վերահսկող դատախազը շահագրգիռ անձ է և միտումնավոր ձգձգում է նախաքննությունը, բացարկ է հայտնել դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանին: Դատախազը պնդում էր, որ նախաքննությունն իրականում ընթանում է

Դատավոր Չիչոյանը որքան էլ հետևողականորեն հարցաքննում էր դատախազին և անձամբ զարմանում, թե արդեն գրեթե երկու տարի տևած նախաքնննության ընթացքում ինչու այս կամ այն գործողությունները չեն կատարվել, ի վերջո, ինչպես բոլոր մյուս դատավորները, մերժեց ինչպես բացարկի միջնորդությունը, այնպես էլ բողոքը: Սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` իրենք դատարանի այս որոշումն էլ կանխատեսում էին, քանի որ տուժող ճաճանչվելու դեպքում Խուդյանը կկարողանար բացահայտել հանցագործության բոլոր մանրամասները, իսկ դա ոչ մեկին ձենտու չէ: 15-օրյա ժամկետում գործարարը այս որոշումը կբողոքարկի ՀՀ Վճռաբեկ դատարան: