AM
8 Նոյեմբեր 2012 - 12:19 AMT

Ստյոպա Սաֆարյանը ԲՀԿ-ին ընդդիմություն չի համարում

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նախագահական ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակը աննախադեպ է համարում: «Իրավիճակն աննախադեպ է և մտահոգիչ, որովհետև ոչ մի անգամ ընդդիմությունն իր ամբողջ կազմով այսքան չէր ուշացրել իր թեկնածուի առաջադրելու հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նա նկատեց, որ ընդդիմությունը հետ է մնում: Այս ընթացքում ոչ միայն սեփական թեկնածու չառաջադրելը, այլև անորոշություն պահելը հենց ընդդիմությանն է դեմ: Ստյոպա Սաֆարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ընդդիմություն չի համարում, քանի որ, ըստ Սաֆարյանի, ԲՀԿ-ն էլ իրեն այդպիսին չի համարում: «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղարը նկատեց, որ ԲՀԿ-ն իրեն հայտարարել է ոչ թե ընդդիմադիր, այլ՝ այլընտրանքային ուժ:

Անդրադառնալով Ավանի թիվ 1 ընտրատարածքում իր հետ մրցող ընդդիմության երկու թեկնածուներին, Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ ՀԱԿ-ը տարիներ շարունակ հայտարարում է ընդդիմադիր միասնական թեկնածուի մասին, սակայն թեկնածու է առաջադրում: «Ինձ համար անհասկանալի է՝ ինչու է ընդդիմությունը թերահավատ այս կարգի ընտրություններին, քանի որ այս ընտրություններում փոփոխություն լինելու դեպքում փոփոխություն կլինի նաև նախագահական ընտրություններում»,- նկատեց պատգամավորի թեկնածուն: