Երևանում օրական միջինում 370 հազար մարդ է հաճախում սուպերմարկետ: Այս մասին ասաց «Ամերիա» խմբի զարգացման և խորհրդատվական բաժնի ղեկավար Տիգրան Ջրբաշյանը: Ընկերությունն այսօր ներկայացրեց մանրածախ առևտրի ոլորտում կատարված հետազոտության արդյունքները: Հարցվողների խոսքով՝ նրանք իրենց գնումների 50 տոկոսից ավելին կատարում են սուպերմարկետներից: Սակայն այլ հարցերի միջոցով պարզվել է, որ սուպերմարկետից գնումներ կատարում է ընդամենը 39 տոկոսը: «Հիմնական գնումներ կատարողը կինն է, ընտրության գործոններից կարևոր են տեսականին և սպասարկման որակը:Սա կարող է ազադակ լինել մանրածախ առևտրի հետագա կազմակերպման համար»,-ասաց կառավարման խորհրդատվական ծառայությունների բաժնի ավագ խորհրդատու Կարեն Մարտիրոսյանը: Ըստ հարցման տվյալների՝ Երևանում արագ սպառման ապրանքների վրա ծախսվում է 90-100 մլն ԱՄՆ դոլար: Մեկ շնչին բաժին է ընկնում 38 հազար դրամ, որի մոտ 6 տոկոսը ծախսվում է ռեստորաններում և սննդի այլ կետերում:
Հարցմանը մասնակցել է 1026 քաղաքացի, վստահության միջակայքը 95 տոկոս է:





