AM
9 Նոյեմբեր 2012 - 07:24 AMT

ՀՅԴ -ԲՀԿ քաղաքական խորհրդակցությունը նախատեսված է վաղը

Վաղը նախատեսված է ՀՅԴ-ԲՀԿ քաղաքական խորհրդակցությունը: ԲՀԿ-ն ողջունում է ՀՅԴ-ի ներկայացրած համակարգային լուրջ փոփոխություններին ուղղված առաջարկները: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ առաջիկա օրերին խորհրդակցություններ կլինեն նաև մյուս քաղաքական ուժերի հետ: «Ես ուզում եմ ակնկալել, որ մենք կկարողանանք մի քանի օրակարգային հարցերի շուրջ համաձայնության գալ: Այպիսի խնդիրների շուրջ, որոնք կբերեն երկրում լուրջ համակարարգային փոփոխությունների»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե նախագահ Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվել կառավարման խորհրդարանական կարգին անցնելու ԲՀԿ առաջարկին, Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ դա մամուլի՝ հերթական վերափոխումն է: «Ամեն դեպքում, եթե կա անգամ նման տեսակետ, ապա դա ՀՀԿ-ի տեսակետն է: Ես նախագահից նման պաշտոնական տեսակետ չեմ լսել: Դա մամուլում հերթական՝ ինչ-որ նիստի հղում արված կարծիք է: Ես անանուն աղբյուրներ չեմ ցանկանում մեկնաբանել, հատկապես, որ տեղյակ եմ, թե անանուն աղբյուրի տակ ով է ստեղծագործում մի քանի թերթերում և մի քանի կայքերում միաժամանակ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: