Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին Մոսկվա քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա-երեկոյին և հանդես եկել ողջույնի խոսքով: Նա մասնավորապես ասել է. «Ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունենք բոլորս միասին քննարկել Արցախի հետագա զարգացմանը վերաբերող կարևորագույն հարցերը:
Ռուսաստանի հայ համայնքը հանդիսանում է մեր ժողովրդի ամենահայրենասեր, կայացած և ակտիվ հատվածներից մեկը: Արցախի անկախ պետականության ձևավորումից ի վեր ձեզնից յուրաքանչյուրն անմիջականորեն մասնակցել է հայրենի երկրի շենացման ու զարգացման գործընթացին: Դժվար է պատկերացնել որևէ ոլորտ, որտեղ չի զգացվում ձեր ներկայությունը: Արդյունքում, նաև այդ գործուն մասնակցության շնորհիվ է մեզ հաջողվել իրականացնել ռազմավարական բազմաթիվ ծրագրեր:
Բավական է նշել, որ շուտով կավարտվի Ստեփանակերտում ժամանակակից պայմաններին համապատասխան, ողջ տարածաշրջանում տեխնիկապես ամենահագեցած հիվանդանոցներից մեկի կառուցումը: Արցախի մայրաքաղաքում ավարտվել է թիվ 3 դպրոցի կապիտալ վերանորոգումը, ընթացքի մեջ է թիվ 1 և թիվ 6 դպրոցների նոր մասնաշենքերի, ինչպես նաև նոր ծննդատան շինարարությունը: Վերջերս Շուշիում կապիտալ վերանորոգվել են Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը, պատմական օրիորդաց դպրոցի շենքը, որտեղ տեղակայվել են ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և մի շարք այլ հաստատություններ: Արցախի վետերաններին և հաշմանդամներին պարբերաբար տրամադրվում է տարբեր տեսակի օգնություն, այդ թվում` ձեռքի կառավարման մեքենաներ: Ստեփանակերտում կապիտալ վերանորոգվել է ծերանոցի շենքը:
Հանրապետության տարբեր բնակավայրերում կառուցվել ու կառուցվում են բազմաթիվ ջրատարներ, ճանապարհներ և կենսական նշանակություն ունեցող այլ օբյեկտներ: Ուզում եմ, մասնավորապես, նշել Վանք-Քոլատակ ճանապարհը, որը տանում է մինչև Արցախի ամենահին վանքերից մեկը` Հակոբավանք: Այդ ճանապարհն ունի կարևոր տնտեսական նշանակություն և խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:
Մշտական աջակցություն է ցուցաբերվում նաև ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես, արցախյան Մեծ հարսանիքին մասնակցած զույգերի երեխաներին նպաստների տրամադրման ծրագրի շրջանակներում:
Այս ամենն իրականացվել է Ռուսաստանի մեր քույրերի ու եղբայրների անմիջական աջակցությամբ: Նրանցից շատերն այսօր այս դահլիճում են: Մենք բարձր ենք գնահատում նման սրտացավ ու անշահախնդիր վերաբերմունքը՝ այն համարելով մեր ժողովրդի միասնության կարևոր դրսևորումներից մեկը:
Այսօր մենք հավաքվել ենք մեկ այլ կարևոր ծրագիր կյանքի կոչելու նպատակով, որի հիմքում ընկած է գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը երկարաժամկետ հեռանկարով: Զարգացած գյուղը մեր ժողովրդին հողի հետ կապող ամենակարևոր միջոցն է և միանգամից լուծում է սոցիալ-տնտեսական ու քաղաքական բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես, գյուղատնտեսության, տեղական արտադրության, վերամշակող արդյունաբերության, ժողովրդագրության և այլ բնագավառներում: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ամուր և շենացող գյուղը Արցախի հզորության առանցքային բաղադրամասերից մեկն է»:
«Այս ծրագրի շրջանակներում հատուկ տեղ է հատկացվում գյուղական համայնքային կենտրոնների կառուցմանը: Յուրաքանչյուր կենտրոն իր մեջ կընդգրկի գյուղապետարան, բուժկետ, ինտերնետ-ակումբ և հանդիսությունների սրահ: Այդ կենտրոնների կառուցումն անկասկած կնպաստի բնակչության կենսապայմանների բարելավմանը, գյուղական բնակավայրերում կյանքի աշխուժացմանը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա արցախյան գյուղի շարունակական զարգացման վրա:
2012 թվականը հոբելյանական է մեր ժողովրդի համար: Ազգովի տոնեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-ամյակը: Այն հոբելյանական է նաև համահայկական հիմնադրամի համար, որն իր 20-րդ տարեդարձն է բոլորում: հիմնադրամն այն կառույցն է, որն աշխարհասփյուռ հայությանը համախմբում է տարբեր ծրագրերի շուրջ, որոնց նպատակը մեկն է՝ զարգացնել ու զորացնել պատմական հայրենիքը, էլ ավելի ամրապնդել ու խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը:
Ուզում եմ վստահ լինել, որ տոնական այդ մթնոլորտը լրացուցիչ խթան կհանդիսանա համազգային այս միջոցառումը հաջողությամբ իրականացնելու համար:
Ես ավելի քան վստահ եմ, որ լինելով միասնական, կազմակերպված, ունենալով համապատասխան կամք ու վճռականություն, մենք ի վիճակի ենք լուծել մեր առջև ծառացած ցանկացած խնդիր:
Բոլորիդ կոչ եմ անում նույն եռանդով ու ոգևորությամբ մասնակցել -ին և ինչպես միշտ սատար կանգնել Արցախի շենացման հայրենանվեր գործին»,-ասել է ԼՂՀ նախագահն իր ելույթում:





