Հայաստանում երիտասարդության թիվ մեկ խնդիրը գործազրկությունն է: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը: «Ճիշտ է, այդ խնդիրը միայն երիտասարդությանը չի վերաբերում, բայց երիտասարդության համար այն առավել մտահոգիչ է: Երկրորդը երիտասարդների ուսման հետ կապված խնդիրներն են` ֆինանսական և տեղեկատվական: Ուսանողներն ուսման վարձի վճարման խնդիր ունեն, իսկ դրա հետ մեկտեղ տեղեկացված չեն ուսման բոլոր հնարավորությունների մասին: Եվ երրորդը կարևոր խնդիրը հասարակական ակտիվություն ցուցաբերելու համար տեղեկատվության պակասն է, հատկապես մարզերում»,- նշեց նա:
Մխիթարյանի խոսքով` Հայաստանում երիտասարդներին պետական աջակցությունը ոչ թե կարևոր է, այլ անհրաժեշտ:
«Պետությունը պետք է լրջորեն զբաղվի այդ հարցով` օրինակ վերցնելով եվրոպական երկրներից, հատկապես կրթության, գիտության և երիտասարդության ասպարեզում մի քանի անգամ ավելի շատ ներդրումներ կատարելով, քան հիմա: Չնայած, որ որոշ ծրագրեր իրականացվում են, դրանք դեռևս բավարար չեն երիտասարդության զբաղվածությունն ու լիարժեք գործունեությունն ապահովելու համար»,- ասաց նա` հավելելով, որ Երիտասարդական ակումբների դաշնությունը ձեռնարկում է իրենից կախված բոլոր քայլերն այդ ուղղությամբ:





