Հասարակական գործիչ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանին և նրա ընտանիքի անդամներին սպառնում են: Այսօր մամուլի ասուլիսում Ադամյանը հայտնեց, որ իր փաստաբանի միջոցով արդեն դիմել է դատարան:«Ես կարծում էի, թե վախեցնելով լռեցնելը ճորտատիրական կարգերում է մնացել, բայց պարզվեց, որ այդպես չէ: Այն բանից հետո, երբ «Երևանգազի» Ավան և Քանաքեռ-Զեյթուն տարածքի տնտեսության պետ նշանակվեց Մհեր Ջանվելյանը (Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի փեսան), նա որոշեց ազատել ինձ աշխատանքից՝ պատճառաբանելով, թե ես հասարակական գործունեությամբ եմ զբաղվում` ի վնաս աշխատանքի: Իսկ ես մատնանշեցի, որ իմ աշխատանքը, որով զբաղվում եմ արդեն 7 տարի, ոչ մի կերպ չի տուժում իմ հասարակական գործունեությունից: Եվ ահա, երբ բանը հասավ նրան, որ ես ազատվեցի աշխատանքից ու ամեն կերպ փորձում եմ ցույց տալ, որ դա Ջանվելյանի ձեռքի գործն է, վերջինիս ընկերները սկսել են սպառնալ ինձ և ամուսնուս, որն այս պահին «Երևանգազում» է աշխատում»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է, կոռուպցիայի ակնհայտ նախադեպ է: «Ես կգործադրեմ իմ բոլոր ջանքերը, որպեսզի ցույց տամ «ՀայՌուսգազարդում» կատարվող անարդարությունները: Այն, որ սպառնալիքները հենց Ջանվելյանի նախաձեռնությամբ են ինձ ուղղվում, թեև ոչ անմիջականորեն նրա կողմից, ինձ համար ակնհայտ է, և այս պահին դատարանի միջոցով եմ փորձելու ապացուցել դա»,- ասաց նա՝ հավելելով, որ, հավանաբար, կդիմի նաև ոստիկանություն՝իր և ամուսնու անվտանգությունն ապահովելու համար:
Սիլվա Ադամյանը հավելեց, որ մայիս 30-ին «Երևանգազ» ընկերության տարածքային ծառայության պետ Մհեր Ջանվելյանը աշխատակիցներին հավաքել և հայտարարել է, որ 100 դոլարով պետք է կրճատի աշխատավարձը: Դրանից հետո 40 կանայք կառավարության շենքի առջև ցույց են արեել։ «Նույն օրը երեկոյան Ավանի թաղապետը հավաքեց բոլոր այդ կանանց, ովքեր ՀՀԿ անդամ են, և ստիպեց դիմում գրել աշխատանքից ազատվելու մասին»,-ասաց նա: Սիլվա Ադամյանի՝ հենց այդ ժամանակ էլ սկսել են ճնշել իրեն:





