AM
4 Մայիս 2005 - 06:38 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ

Այսօր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵԱՀԿ-ում Բելգիայի մշտական ներկայացուցիչ Բերտրան դե Կրումբրուգին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ Հայաստանում ԵԱՀԿ առաքելության ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը: Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը հյուրին իրազեկել է Հայաստանում կատարվող բարեփոխումների մասին, որոնց կատարման ընթացքում մեծ նշանակություն ունի համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Նշվել է, որ Հայաստանը սահմանված ժամանակացույցով կատարում է իր պարտավորությունները` արդեն իսկ ՀՀ խորհրդարանում քննարկվում են սահմանադրական բարեփոխումները, սկզբունքային համաձայնություն է ձեռքբերված ՀՀ Ընտրական օրենսգրքի շուրջ: Զրուցակիցները հատկապես կարեւորել են հանրապետությունում հետագա ժողովրդավարության զարգացման համար ընդունված օրենքների կատարումը: Կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցը, որի գործուն մեխանիզմ է ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատը` իր տարբեր ոլորտներում կատարած ուսումնասիրություններով: Տարածաշրջանային համագործակցության խնդիրների շրջանակներում կարեւորվել է Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական ծրագրերին, նորմալ հարաբերությունների հաստատումը հարեւանների հետ: Իբրեւ տարածաշրջանային խնդիրների լուծման մեխանիզմ նշվել է Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնության վերաճումը խորհրդարանական վեհաժողովի, որն իբրեւ մշտապես գործող կառույց հնարավորություն կտա երեք երկրների խորհրդարանականներին քննարկել տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական խնդիրներ: Բ. Կրումբրուգը, իբրեւ 2006-ին ԵԱՀԿ նախագահող երկիր, պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ծրագրերի իրականացմանը` նշելով, որ առաջին անգամ է Հայաստանում եւ լավ հնարավորություն է ընձեռնվել ծանոթանալու հանրապետության քաղաքական, տնտեսական կյանքին ու զարգացումների հեռանկարներին: