Որքան շատ է երկիրն օգտագործում գիտությունը և տեխնոլոգիան, այնքան տնտեսությունն արագ է աճում: Նման կարծիքի է ԵՊՀ աշխատակից Վարդան Գևորգյանը:
«Նորարաությունը գիտելիքի վերափոխումն է փողի: 16-րդ դարում երկրների տնտեսությունների մեջ տարբերությունն այնքան մեծ չէր, որքան հիմա»,- այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ աշխատակիցը: Ձեռնարարարության համաշխարհային շաբաթվա միջոցառումների շարքում այսօր Էկոնոմիկայի նախարարարության նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը կազմակերպել էր կլոր սեղան «նորարարական ձեռներեցությունը. խնդիրները և լուծումները» թեմայով:
Քննարկման ժամանակ մասնակիցները նշեցին, որ աշխարհի ամենահարուստ մարդիկ ոչ թե նավթ ու գազ արտահանողներ են, այլ գիտելիքի հիման վրա աշխատող ընկերությունների ղեկավարներ: «Նորարարական ձեռներեցության ոլորտում Հայաստանի գլխավոր խնդիրը համաշախարհային փորձը ճիշտ տեղայնացնելն է, ինչպես նաև նոր գաղափարներ գտնելը: Այդ խնդիրները լուծելու համար հարկավոր է համատեղել ուժերը»,-ասաց ՆՁԱԿ գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լևոն Ղարիբյանը: Կլոր սեղանի մասնակիցները նշեցին, որ միայն գիտություն-տնտեսություն- պետություն կապը զարգացնելու միջոցով հնարավոր կլինի հասնել տնտեսական հաջողությունների, իսկ առաջին քայլը պետք է լինի մինչև 2030 թվականը պետական նորարարական համակարգի ստեղծումը:





