AM
9 Նոյեմբեր 2012 - 12:04 AMT

Էդուարդ Շարմազանով. Հայաստանը վճռական է տրամադրված ժողովրդավարական բարեփոխումների հարցում

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տայիսին:

ԱԺ փոխնախագահը շնորհավորել է նրան Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի հայ-հունական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Իոանիս Տայիսը երկու երկրների դինամիկ զարգացման հնարավորությունը պայմանավորել է հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությամբ, քաղաքակրթական ընդհանրություններով, Հունաստանում հայկական, իսկ Հայաստանում հունական համայնքների առկայությամբ: Դեսպանի գնահատմամբ՝ այդ հնարավորությունները մեծ են քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում, և ինքը ամեն ինչ կանի դրանք կյանքի կոչելու համար:

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են ամիսներ հետո Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին: Էդուարդ Շարմազանովն այդ ընտրությունների կարևորությունը պայմանավորել է նախևառաջ Հայաստանում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից ու հավաստիացրել, որ և Հանրապետական կուսակցությունը, և իշխանություններն ամեն ինչ անելու են, որ ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարության չափանիշներին, որ Հայաստանի նախագահական ընտրություններից լավագույնը լինեն, քանի որ առանց արդար ու թափանցիկ ընտրությունների հնարավոր չէ խոսել ոչ երկրի զարգացման եւ ոչ էլ ազգային անվտանգության մասին: «Հայաստանը վճռական է տրամադրված ժողովրդավարական բարեփոխումների ու դրանց շարունակականության հարցում»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին, միջխորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներն ու փոխայցերը էլ ավելի ակտիվացնելուն, եվրաինտեգրման ճանապարհը բռնած Հայաստանին Հունաստանի հնարավոր աջակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: