AM
9 Նոյեմբեր 2012 - 12:25 AMT

Հայաստանում Հունաստանի դեսպանը Սաֆարովին ազատ արձակելու Ադրբեջանի քայլը մեծ սխալ է համարում

Հունաստանը աջակցում է և շարունակելու է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Այս մասին հայտնել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տայիսին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ: Սաֆարովին ազատ արձակելու Ադրբեջանի կատարած քայլը դեսպանը որակել է որպես մեծ սխալ և հույս հայտնել, որ այդ հանգամանքը բացասական ազդեցություն չի ունենա խաղաղ բանակցային գործընթացի վրա:

Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ Հայաստանը կողմ է միջազգային նորմերի շրջանակներում խնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն, այնինչ Ադրբեջանը չի հրաժարվում ռասիստական քաղաքականությունից, որի վերջին արտահայտությունը մարդասպան Սաֆարովին արդարացնելու ու հերոսացնելու աղաղակող իրադարձությունն էր, ինչը հակասում է միջազգային իրավական նորմերին:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման՝ Հունաստանի կատարած քայլերի, ԼՂՀ-ի հարցում ցուցաբերած հավասարակշռված մոտեցումների համար՝ տեղեկացնելով, որ հայ ժողովուրդը իր ցավի մասին չէ միայն, որ խոսում է: ՀՀ Ազգային ժողովը կոչով դիմել է աշխարհի խորհրդարաններին՝ ճանաչելու մյուս քրիստոնյա ազգերի, այդ թվում՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել օսմանյան կայսրությունում: Արդեն 5 տարի է՝ մայիսի 19-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայ ժողովուրդը հույն եղբայրների հետ հիշատակի տուրք է մատուցում ցեղասպանության զոհ դարձած պոնտոսահույներին ու դատապարտում Օսմանյան Թուրքիայի կատարած ոճրագործությունը: Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: