AM
9 Նոյեմբեր 2012 - 12:45 AMT

Հայաստանում կստեղծվի Ռուսաստանի պետական ռեզերվների գործակալություն

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Արթուր Բաղդասարյանը միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին է ներկայացրել 2012թ. հոկտեմբերի 15-ին Մոսկվայում իր և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման և «ՀՀ գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում» խորագրով կլոր սեղանի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները: Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել է. «ՌԴ-ում ստորագրվեց փաստաթուղթ, համաձայն որի` Հայաստանում կստեղծվեն Հայ-ռուսական հումանիտար կենտրոն իրավիճակների ոլորտում: Մեր այցի օրերին ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինը ստորագրեց հրամանագիր Հայաստանում ստեղծելու «Ռոսգրանիցա» պետական գործակալության Հայաստանի ներկայացուցչություն բացելու և ֆինանսավորելու մասին:

Հայաստանում կստեղծվի Ռուսաստանի պետական ռեզերվների գործակալություն, այսինքն Հայաստանի և Ռուսաստանի համատեղ պահուստների տարածաշրջանային ենթակառուցվածք: Սա շատ կարևոր նշանակություն կունենա Հայաստանի պետական պահուստների համակարգի զարգացման տեսանկյունից: Նաև համաձայնության եկանք Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր ստորագրելու շուրջ»:

Արթուր Բաղդասարյանը հանձնաժողովի անդամներին առաջարկեց ձեռք բերված համաձայնությունների հետ կապված իրենց գերատեսչությունների մասով քննարկել և ներկայացնել ամփոփ առաջարկություններ ՀԱՊԿ քարտուղարություն ներկայացնելու համար: