AM
9 Նոյեմբեր 2012 - 12:50 AMT

Ռազմական փորձագետ. Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ, ապա չէր վարանի սկսել պատերազմը

Որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի՝ փաստ է, բայց փաստ է նաև այն, որ դեռ պատրաստ չէ պատերազմի: Ըստ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի՝ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ, ապա չէր վարանի սկսել պատերազմը: Նրա համոզմամբ՝ պատերազմի վերսկսման հավանականությունը փոքր է, բայց պետք է միշտ աչքի առաջ ունենալ այն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձագետը հավաստիացրեց, որ Ադրբեջանը կգնա այդ քայլին, միայն եթե համոզված լինի, որ ունի առավել ներուժ և կկարողանա ապահովել շեշտակի գերազանցություն հայկական կողմի հանդեպ։ Այդ դեպքում, ըստ Դավիթ Ջամալյանի, Ադրբեջանը կաներ այդ արկածախնդիր քայլը, նույնիսկ առանց պատրվակի:

«Որոշակի քանակական առավելությունն ինչ-ինչ մասնավոր հարցերում, դա դեռ ռազմական գերազանցություն չէ»,- ընդգծեց նա և հիշեցրեց, որ մենք ունենք պայմանագրեր ու դաշնակիցներ: Մենք ձեռք ենք բերում ժամանակակից ու որակյալ սպառազինություն՝ բավական մատչելի գներով: Եվ այս դեպքում Ադրբեջանը՝ իր ուռճացված ռազմական բյուջեով մեր նկատմամբ գերազանցություն ձեռք չի բերում:

Փորձագետը նշեց, որ ժամանակը այժմ մեր օգտին է աշխատում և մենք պետք է ամրապնդենք մեր երկրի պաշտպանողականությունը: Եվ վաղ, թե ուշ Ադրբեջանը կհամակերպվի այն մտքի հետ, որ այդ տարածքներն, այլևս, իրենը չեն լինելու: Ադրբեջանը ձգտում է մեր հանդեպ ռազմական գերազանցություն ձեռք բերել, մենք էլ ամեն բան անում ենք, որ դա տեղի չունենա: