Մեր երկրի սոցիալ-տնտեսկան կյանքում փոփոխություններ իրականացնելու համար նախագահական համակարգից անցում կատարելը խորհրդարանական համակարգի վաղաժամ է՝ էական դրական փոփոխություն իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի համընդհանուր հասարակական կոնսենսուս ձևավորվի: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Քաղաքագետը ոչ մի տարբերություն չի տեսնում կառավարման խորհրդարանական և նախագահական համակարգերի միջև, եթե կուսակցություններում բացակայում է գաղափարախոսությունը: «Հայաստանի դեպքում մենք հաճախ տեսնում ենք, որ գաղափարախոսությունների մրցակցություն որպես այդպիսին գոյություն չունի»,- նշեց քաղաքագետը և հավելեց, որ Հայաստանում տեսականորեն կուսակցությունների մեծամասնության համար չկա մի գաղափար, որը կարող է առաջացնել քննարկումներ: «Գործնականում Հայատանում գաղափարախոսություներ չեն մրցակցում, մենք ունենք խմբակների մրցակցություն»,-ասաց նա:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է համարում, որ կառավարման համակարգի փոփոխման գաղափարի շուրջ քաղաքական դաշտում համախմբում իրականանա, Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ այս պահին չի կարող կանխատեսել.« Քանի որ և՛ ՀԱԿ-ը, և՛ «Ժառանգությունը», և՛ Դաշնակցությունը բավականին տարբեր են»: Ըստ նրա, ՀՅԴ-ն դժվար թե միավորվի, և եթե այլ կուսակցություններ միավորվում են Դաշնակցության առաջ քաշած գաղափարի շուրջ, դա կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի քաղաքական դաշտում ձևավորվի կոնսենսուսի նախադրյալ: Սերգեյ Շաքարյանցը նաև վաղաժամ համարեց կոնսենսուսի մասին խոսել՝ դա պայմանավորելով նրանով, որ բացի խորհրդարանական ուժերից գոյություն ունեն նաև այլ քաղաքական ուժեր, որոնք նույնիսկ չմասնակցեցին ԱԺ 2012 թվականի ընտրություններին և հանրության 5-ից 7 տոկոսը հարում է այդ կուսակցություններին: «Որպես փոխհամաձայնության նախադրյալ դա կարելի է դիտարկել, բայց ոչ թե որպես կայացած ինչ-որ կոնսենսուս»,- ընդգծեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի հրավերը այս պահին ընդունել են «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը ՝ առաջարկելով ընդլայնել քննարկման առաջարկները, իսկ ԲՀԿ-ն առաջարկում է բոլոր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսել՝ 100-տոկոսանաց համամասնական ընտրակարգի և կառավարման խորհրդարանական համակարգի անցման գաղափարի շուրջ: Առաջիկա օրերին այս ուժերի միջև կկայանան խորհրդակցություններ:
Նշենք նաև, որ ՀՅԴ-ն նույնպես կառավարման համակարգի փոփոխումը ներառող առաջարկների փաթեթ էր ներկայացրել քաղաքական ուժերին՝ քննարկման առաջարկով:





