Նոյեմբերի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարար Մայա Փանջիկիձեի հետ:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, դեսպան Մանուկյանը, շնորհավորելով նախարարին կառավարության ձևավորման և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վերջինիս փոխանցեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվեց տիկին Փանջիկիձեի կողմից:
Այնուհետև, զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-վրացական բարձր մակարդակի բարիդրացիական հարաբերությունների օրակարգային կարևորագույն հարցերի վերաբերյալ:
Հայաստանի դեսպանն ու Վրաստանի արտգործնախարարը քննարկեցին նաև առաջիկա երկկողմ փոխայցելությունների ձևաչափը, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերեցին ընթացիկ համագործակցության եղանակների վերաբերյալ:





