AM
10 Նոյեմբեր 2012 - 09:59 AMT

Երկուշաբթի Երևանում կմեկնարկի ձեռներեցության համաշխարհային շաբաթը

Երկուշաբթի` նոյեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա StartUp Cup բիզնես մոդելների մրցույթի պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որով կմեկնարկի առաջին Ձեռներեցության համաշխարհային շաբաթը Հայաստանում:

Օգոստոսին սկսված մրցույթի եզրափակիչ փուլ անցել է յոթ թիմ, որոնք այս շաբաթ ևս մեկ անգամ պետք է ապացուցեն իրենց բիզնես մոդելների կենսունակությունը: Հաղթողների անունները կհայտարարվեն երկուշաբթի, նոյեմբերի 12-ին՝ Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա մեկնարկի արարողության ժամանակ: Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը սեփական բիզնես սկսելու կամ եղածն ընդլայնելու համար դրամական մրցանակներ կստանան ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից:

Հայաստանի ստարտափների առաջնությունը կազմակերպել են Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան, «Ի-Դի-Էմ-Սի»-ն և Հայաստանի ամերիկյան համալսարանը: Միջոցառմանն աջակցում են նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնը (CEED), DoIt!Lab-ը, Deem Communications ընկերությունը և Երիտասարդ առաջնորդների դպրոցը: