Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 16-ամյակի կապակցությամբ այսօր անցկացվեց «Տարվա լավագույն համայնք-2012» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառվարման նախարար Արմեն Գևորգյանը, մարզպետներ, ավագանու անդամներ, ՏԻ ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունից:
Փոխվարչապետը շնորհավորեց ՏԻ մարմինների ներկայացուցիչներին` Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթեց ` ի նպաստ սեփական համայնքների բարեկեցության: Նա առանձնահատուկ ընդգծեց արդյունավետ գործող ՏԻ մարմինների դերը համայնքների զարգացման գործում:
Մրցանակաբաշխությունն անցկացվեց հինգ անվանակարգերով: 2012 թվականի լավագույն քաղաքային համայնք ճանաչվեց Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը, լավագույն գյուղական համայնք՝ Շիրակի մարզի Արևշատ համայնքը։ «Մաքուր համայնք» անվանակարգում մրցանակի արժանացավ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը, «Մշակութային լավագույն քաղաքային համայնք» անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի քաղաքը։ Լավագույն կանաչապատ համայնք ճանաչվեց Երևանը: «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարութան և «Հայաստանի համայնքների միության» կողմից և կազմակերպվում է 2006 թվականից։
Մրցանակաբաշխության նպատակն է գնահատել տարվա ընթացքում արդյունավետ աշխատած ՏԻՄ-երի գործունեությունը և խրախուսել հաջողություններ արձանագրած համայնքներին:





