AM
10 Նոյեմբեր 2012 - 11:22 AMT

Տ. Ուրիխանյան. Փորձեցի հնարավորինս կոռեկտ արձագանքել Փոստանջյանի անպարկեշտ շահարկումներին

Տիգրան Ուրիխանյան-Զարուհի Փոստանջյանը վեճը շարունակվում է: Դարձյալ հայտարարություն է տարածել ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը և անդրադաձել է իր նախորդ հայտարարության վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի արձագանքին: Տիգրան Ուրիխանյանի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Փորձեցի հնարավորինս կոռեկտ արձագանքել իրենից ընդդիմություն ձևացնող պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանի անպարկեշտ շահարկումներին, բայց արի ու տես, որ կամ չի հասկանում, կամ էլ չի ցանկանում հասկանալ, իսկ որոշ դժկամների սեփական «բարձրախոսները» արդեն դրա հիման վրա սկսել են նույնիսկ սեփական ֆանտազիայի ներքո վերլուծություններ անել:

Դե ուրեմն ստացեք ինչ որ ուզում էիք: Որ ամբողջ ազգով պայքարում էինք, որպեսզի ընդունվի «սաֆարովյան լկտիության» դեմ ԱԺ հայտարարությունը, միակ մարդը, ով դեմ քվեարկեց Զարուհի Փաստանջյանն էր, թե՞ կարծում եք, որ մարդկանց հիշողությունը կարճ է: Իսկ հիմա թե ինչու Զարուհին չներկայացավ իր իսկ հեղինակած նախագծի քննարկմանը, լավ իմանալով, որ ձայների հարաբերակցությունը այն ժամանակ թույլ է տալու անցկացնել նախագիծը, ընդ որում, նորից կրկնում եմ, այն նիստին, որին ես ներկա էի: Որովհետև նրան հորդորել էին չներկայանալ: Դե թող կանգնի հանրության առջև ու ասի, որ այդպես չէ և կստանա իր իրական կերպարի մասին փաստացի նկարագիր ու թող չկասկածի, որ իր մութ խաղերի մասին կարող է ինչ-որ բան հայտնի լինել ոչ միայն իրեն: Ցանկանու՞մ եք իմանալ որտեղ էր Զարուհին այն պահին: Ասեմ: Հենց այն ԵԺԿ-ի կանանց կոնֆերանսին որի փոխնախագահն էլ Հունգարիայի վարչապետն էր, որն էլ իր թեթև ձեռքով ծախեց եվրոպական արժեքները՝ Ռամիլ Սաֆարովով հանդերձ: Դե ուրեմն պետության հաշվին արտասահմաններում «թրև եկող» պատգամավորուհուն կրկին հորդորում եմ զուսպ մնալ ու սեփական մեղքերը չփորձել բարդել 24 ժամ պարտաճանաչորեն աշխատող մարդկանց վրա: Իսկ իմ քվեարկություններին թող հետևի ժողովուրդը ու ամեն ինչի պատասխանը կստանա և ամեն բան կնկնի իր տեղը»: Հիշեցնենք այս ամենը սկսվեց այն բանից հետո, ինչ երեկԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի և նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած՝ «Հարսնաքար»-ի գործով հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժվեց։ Քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դահլիճում չէր: Ինչին Զարուհի Փոստանջյանն արձագանքել էր «Ուրիխանյանը թռա՞վ» արտահայտությամբ։