Երևանում Մոսկվայի տանը բացվեց «Երեկ, այսօր, վաղը» ցուցահանդեսը: Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը ներկայացնում է 20 տարվա ընթացքում երկու երկրների միջև համագործակցությունը:
«Այս 20 տարիների ընթացքում մենք ոչ միայն չենք կորցրել միմյանց հանդեպ վստահությունը, այլև ստեղծել ենք բոլոր նախադրյալները, որպեսզի ապահովենք առևտրատնտեսական, հումանիտար, կրթական ծրագրերի զարգացումը: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի նպաստենք այդ ծրագրերի իրականացմանը, երկու երկրների և ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Այս լուսանկարները մեզ ցույց են տալիս` ուր գնալ, ինչպես ապրել և զարգանալ»,- բացման արարողության ժամանակ նշեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ընդգծեց, որ ներկայացված լուսանկարների միջոցով կարելի է ծանոթանալ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 20 տարվա նշանակալի իրադարձություններին: «Այս ցուցահանդեսը ևս մեկ անգամ փաստում է շերկու երկրների միջև համագործակցության ձեռքբերումները»,- ասաց նա:
Նշենք, որ ցուցահանդեսին ներկա էին ռուս դիվանագետներ, Հայաստանի նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, մտավորականներ:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 13-ը:





