«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր մի տեսանյութ է տարածել, որտեղ ահազանգում է, որ Չիչխան գետին վտանգ է սպառնում:
«Մենք մեկ անգամ ևս համոզվում ենք, թե ինչ աղետալի վիճակում են հայտնվում Հայաստանի գետերն ու նրանց շրջակա միջավայրը՝ մեծ թվով փոքր ՀԷԿ-երի ոչ ճիշտ կառուցման և շահագործման հետևանքով: Փոքր ՀԷԿ-ի կառուցման և շահագործման արդյունքում, Չիչխան գետը համարյա ամբողջովին ջրազրկվել է և ցամաքելու եզրին է, ձկնուղի ընդհանրապես գոյություն չունի, էկոթողքը պահպանված չէ, շրջակա միջավայրը կամաց-կամաց ոչնչանում է, իսկ ոռոգման ջրի կորստի պարագայում մեծ վնաս է հասցվում գյուղատնտեսությանը, գյուղացիները զրկվում են ոռոգման ջրից»,-ասված է քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Նախաձեռնության անդամները տեղեկացնում են, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման հիմնախնդիրների վերաբերյալ իրենց վերջին դիմումին ի պատասխան՝ ՀՀ Բնապահպանության նախարարությունը մասնավորապես հայտնել է, որ դեռևս 09.11.2011թ. Երևանում մեկնարկել է ՀՀ-ում փոքր հիդրոէլեկտրակայանների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիրը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնահատել փոքր հիդրոէլեկտրակայանների բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, աջակցել ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստմանն ու մշակել նմուշային ծրագիր: Ծրագիրը կշարունակվի մինչև 2014թ.:
«Ահա այսպիսի ոչինչ չասող պատասխաններ կարելի է ասել, մենք ստանում ենք գրեթե բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ, սակայն մեր պահանջները այլ են եղել, որոնք արդեն հրապարակել ենք ԶԼՄ-ներով»,-ասված է հաղորդագրության մեջ:





