Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ 2012թ. մարտ ամսին կառավարության համապատասխան որոշմամբ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին օտարվել է Մոսկովյան 33ա հասցեում գտնվող շենքի մի հատվածը, որի մաս են կազմում շենքի աստիճանավանդակներն ու միջանցքը: Այս որոշման արդյունքում շենքի մյուս սեփականատերերը զրկվել են տվյալ աստիճանավանդակներից ու միջանցքից օգտվելու հնարավորությունից։ Որպեսզի նրանք կարողանան օգտվել այդ տարածքներից, «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն պետք է նրանց հետ կնքի անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագիր: Մինչդեռ, համաձայն ՀՀ օրենսդրության՝ շենքի աստիճանավանդակներն ու միջանցքները են ընդհանուր օգտագործման տարածքներ են, որոնցից իրավունք ունեն օգտվել շենքի բոլոր սեփականատերերը, իսկ գույքի սեփականատիրոջ հետ անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագիր կնքելն իրավաչափ չէ: Դեռ ավելին, կառավարության որոշմամբ այդ տարածքների տրամադրումը «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին շենքի մյուս սեփականատերերի սեփականության իրավունքի խախտում է, քանի որ ըստ օրենքի շենքի ընդհանուր օգտագործման տարածքը տվյալ շենքի բոլոր սեփականատերերի սեփականությունն է : ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ խնդրի կապակցությամբ Պաշտպանը մի քանի անգամ հարցումներ է ուղարկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն,որտեղից այդպես էլ հստակ չի պարզաբանվել կառավարության տվյալ որոշման իրավաչափությունը։ Չի հստակեցվել նաև այն հանգամանքը, որ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին գույքն օտարելիս հաշվի չի առնվել շենքի մյուս սեփականատերերի համաձայնությունը: Պաշտպանը նաև առաջարկել է Պետական գույքի վարչությանը հանդես գալ կառավարության տվյալ որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկով, սակայն խնդիրը այդպես էլ լուծում չի ստացել և շենքի սեփականատերերի իրավունքները դեռ մնում են ոտնահարված։





