Նվազագույն աշխատավարձի բարձրացումը շեշտակիորեն կբերի տնտեսության աշխուժացմանը: Այսօր ԱԺ նիստում՝ կառավարության առաջարկած «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅ Դաշնակցության խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավորը նշեց, որ ՀՅԴ-ն նվազագույն աշխատավարձի բարձրացման իր նախագծով խրախոսում է տեղական արտադրությունը:
Պատգամավորն իր զարմանքն արտահայտեց կառավարության այն հայտարարության վերաբերյալ, թե վերջինս չի կարող ապահովել նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը և առաջարկեց.« Չե՞ք կարող՝ դրա ճանապարհը կա: Գնացեք, ով որ կարող է` կգա, կանի»:
Արծվիկ Մինասյանը, դիմելով Աժ պատգամավորներին նշեց, որ պատգամավորները միասին պետք է պաշտոնանկ անեն կառավարությանը.«Հակառակ դեպքում նվազագույն ամսական աշխատավարձի վարձատրության շեմից ցածր ստացող մարդուն ոչինչ չենք կարող բացատրել»,- ասաց նա:
Դաշնակցական պատգամավորը ևս մեկ անգամ դիմեց պատգամավորներին՝ այս անգամ որպես ՀՀ քաղաքացի, խնդրեց.« Մեկ անգամ գոնե պահանջ դրեք և այդ պահանջին տեր եղեք: Միայն այս դեպքում մենք կարող ենք ասել, որ արժանապատիվ քաղաքացիներ կարող ենք ունենալ: Ես պատրաստ եմ անգամ մանդատս վայր դնել, եթե դուք ընդունեք և կիրառեք այդ գործողությունը»,-եզրափակեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով նվազագույն աշխատավարձը Հայատանում սահմանվելու է 35.000 դրամ՝ նախկին 32.500 դրամի փոխարեն: Այս առաջարկը Ազգային Ժողովի քննարկմանն էր ներկայացրել ՀՀ կառավարությունը:





