Վեջրին օրերին տարածաշրջանային ամենաքննարկվող թեմաներից մեկը աբխազական երկաթուղու հնարավոր վերաբացումն է:
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ նման հայտարարությամբ հանդես գալով, Վրաստանը փորձում է աբխազական հարցը լուծել ավելի մեղմ տարբերակով: «Աբխազիան ապամեկուսացնելը հակամարտության լուծման լավագույն եղանակն է: Վրաստանի հետ տնտեսական շփումների ակտիվացումը կարող է հանգեցնել համադաշնության ձևաչափով գոյության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետը նաև նշեց, որ ի զարմանս իրեն՝ աբխազական կողմը դեմ է արտահայտվել այդ գաղափարին:
Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ երկաթգծի բացումը ձեռնտու է Վրաստանին: Դա կարող է թուլացնել Վրաստանի կախումը Ադրբեջանից ու Թուրքիայից, ինչն էլ, սակայն, առաջ կբերի այս երկրների դժգոհությունը:
Աբխազական երկաթուղու վերաբացումից շահեր ունեն նաև Ռուսաստանն ու Հայաստանը: «Սա կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ ուղիղ կապ կստեղծվի Հայաստանում տեղակայված իր ռազմակայանի հետ»,- նկատեց Ռուբեն Սաֆրաստյանը:
Հիշեցնենք, որ Սոչի-Սուխումի-Քութայիսի երկաթգիծն ապաշրջափակելու համաձայնության մասին հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլին:





